Ներկայացվել է «Կիբեռանվտանգության ոլորտում հմտությունների և կարիերայի զարգացում Հայաստանի երիտասարդների համար» ծրագրի CyberTech սպրինտ բաղադրիչի արդյունքները
- Հրապարակվել է՝ 25/02/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

Փետրվարի 21-ին Թումո լաբերում ներկայացվել է «Կիբեռանվտանգության ոլորտում հմտությունների և կարիերայի զարգացում Հայաստանի երիտասարդների համար» ծրագրի CyberTech սպրինտ բաղադրիչի արդյունքները: Կրթական նախաձեռնության նպատակն է աջակցել երիտասարդներին մասնագիտական ուղի հարթելու և լուծումներ առաջարկելու կիբեռանվտանգության ոլորտի իրական մարտահրավերների համար:
«Կիբեռանվտանգության ոլորտում հմտությունների և կարիերայի զարգացում Հայաստանի երիտասարդների համար» ծրագրի CyberTech սպրինտ բաղադրիչն իրականացվում է Թումո լաբերի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) հետ համագործակցությամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում։
Միջոցառմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդես գալով բացման խոսքով՝ կարևորել է նման նախաձեռնությունների անցկացումը և շարունակականությունը։ Խոսել է կիբեռանվտանգության կարևորության, ոլորտում անհրաժեշտ ներդրումների կարևորության մասին։
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը, Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը և «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի ղեկավար Ռաֆայել Ֆաուչը:
Ներսես Երիցյանը իր ելությում նշել է ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը և ստացած գիտելիքների, հմտությունների փոխանցումը հետագա սերունդներին:
Միջոցառմանը ներկայացվել է CyberTech սպրինտի շրջանակում կիբեռանվտանգության ոլորտի 50 երիտասարդ մասնագետների կողմից մեկ ամսվա ընթացքում մշակված նախագծերը:
Ոլորտի մասնագետները` որպես մենթորներ, մասնակիցներին ուղղորդել են, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց լուծումները սպրինտի ավարտական միջոցառմանը, որի ընթացքում լավագույն թիմերը ձեռք են բերել նախնական ֆինանսավորում: