«Սևան ստարտափ սամիթ 2023»-ին մասնակցել է 110 ստարտափ աշխարհի 30 երկրներից
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելել է հուլիսի 23-29-ը Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում անցկացված «Սևան Ստարտափ Սամիթ 2023» միջոցառման մասնակիցներին: Պաշտոնյաները շրջել են տաղավարներով և ծանոթացել ամենամյա վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումի ընթացքին:
«Սևան ստարտափ սամիթը» տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից է, որին ամեն տարի մասնակցում են մեծ թվով կազմակերպություններ: Այս տարի միջոցառմանը մասնակցել է 110 ստարտափ աշխարհի 30 երկրներից, ընդ որում՝ մասնակցության համար դիմել էին ավելի քան 470 հայաստանյան և միջազգային ստարտափներ:
Բացօթյա ճամբարի վրա հիմնված բիզնես ֆորումի 7 օրերը հագեցած են եղել պանելային քննարկումներով, սեմինարներով, խարույկի շուրջ բանակցություններով, ժամանցային միջոցառումներով: «Սևան Ստարտափ Սամիթը» մասնակիցներին մի շարք հնարավորություններ է տալիս, այդ թվում՝ փորձի փոխանակման, անհատական մենթորության, նոր կապերի ստեղծման, ներդրումների ներգրավ՝ման և այլն:
Հուլիսի 27-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը միջոցառման շրջանակներում մասնակցել է «Բացահայտելով հայ-հնդկական համագործակցության հնարավորությունների ներուժը» թեմայով պանելային քննարկմանը: Իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հուլիսի 28-ին որպես հանձնաժողովի անդամ մասնակցել է «Սևան Ստարտափ Սամիթ 2023»-ին մասնակիցների ելույթների գնահատման աշխատանքներին:
«Սևան Ստարտափ Սամիթ» վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումը կազմակերպվում է 2016 թվականից: Սամիթն ամեն տարի մեկ վայրում է հավաքում հարյուրավոր ստարտափների, ձեռներեցների, ներդրողների, բանախոսների, մենթորների աշխարհի տասնյակ երկրներից՝ քննարկելու բիզնես-տեխնոլոգիական գաղափարներ, ներդրումային ծրագրեր և գործարար աշխարհին վերաբերող տարբեր թեմաներ: 2018 թ. ի վեր սամիթը կազմակերպվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում: Սևանա լճի տարածքում «Սևան Ստարտափ Սամիթ»-ը վերջին անգամ անցկացվել էր 2019-ին՝ հյուրընկալելով ավելի քան 10 հազար մասնակցի աշխարհի 45 երկրից: