Պետական աջակցություն ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին
- Հրապարակվել է՝ 08/12/2022
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորությունների բաժին
Պետական աջակցություն ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 1-ի նիստում հաստատել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Որոշման համաձայն՝ մեկանգամյա պետական աջակցություն կտրամադրվի ոլորտի այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք միաժամանակ կբավարարեն հետևյալ պայմաններին՝
- որոշման մեջ նշված բազային ժամանակահատվածում (2022թ․ հունիս-հոկտեմբեր) հանդիսացել են ԱԱՀ վճարող,
- բազային ժամանակահատվածում աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի,
- արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը բազային ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը,
- դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազար դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:
Որոշման նպատակն է հնարավորություն տալ ոլորտի կազմակերպություններին՝ վերափոխելու ընկերության բիզնես մոդելը, հարմարեցնելու գործող պայմաններին և դիմակայելու համաշխարհային ՏՏ ոլորտի բարդություններին:
Տրամադրվող պետական աջակցության չափը, նախնական գնահատմամբ, կազմում է շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ։