Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մխիթար Հայրապետյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Վաշինգտոն կատարած այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել  Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (Office of Science and Technology Policy – OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսի, Արհեստական բանականության հարցերով Սպիտակ տան ավագ խորհրդական Սրիրամ Կրիշնանի, ԱԲ և տեխնոլոգիաների հարցերով OSTP ավագ խորհրդական Դին Բոլլը՝ի և ԱՄՆ Պետական դեպարտամենտի Քաղաքական պլանավորման բաժնի ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասի հետ։

Հանդիպման ընթացքում Մայքլ Կրացիոսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության գործողությունների պլանը և ռազմավարական նպատակները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։ Նախարար Հայրապետյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի ծրագրերն ու առաջնահերթությունները կիսահաղորդիչների նախագծման, արհեստական բանականության և գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ, ներառյալ պետական զարգացման ծրագրերը, ԱԲ վիրտուալ ինստիտուտի ստեղծումը, ինչպես նաև պետական աջակցության ձևաչափը NVIDIA-ի հետ համագործակցությամբ FirebirdAI ընկերության կողմից Հայաստանում մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրի շրջանակում, որն, ի դեպ, արդեն իսկ դիմել է ԱԲ տվյալային կենտրոնի համար նախատեսված համապատասխան ենթակառուցվածքի համար արտահանման թույլտվություն ստանալու համար։ Մխիթար Հայրապետյանն առաջարկել է նաև դիտարկել նման դեպքերի պարագայում արտահանման թույլտվությունների դյուրացման մեխանիզմ ներդնելու հնարավորությունը, որն առաջիկայում կքննարկվի երկկողմ ձևաչափով։

Վերոնշյալ հարցերին զուգահեռ անդրադարձ է կատարվել նաև ամերիկյան նոր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների և ծառայությունների մուտքը Հայաստան հնարավոր դարձնելու վերաբերյալ հարցեր։

Նմանատիպ գրառումներ