PMI Science միջազգային ընկերությունը` որպես բիզնես աքսելերատորի շենքի առաջին ռեզիդենտ․ ստորագրվեց հուշագիր
- Հրապարակվել է՝ 09/07/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

Հուլիսի 8-ին Ինժեներական քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «PMI Science - Ինժեներական քաղաք» հուշագրի ստորագրման միջոցառումը: Հուշագիրը ստորագրվեց PMI Science-ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի միջև, որով բացվում է ճանապարհ՝ նորարարական նախագծերի իրականացման և գիտահետազոտական համակարգի զարգացման համար։
Հուշագրի ստորագրմամբ Ինժեներական քաղաքը մուտք գործեց նոր փուլ․ PMI Science-ը դարձավ առաջին միջազգային ռեզիդենտը, որը բիզնես աքսելերատորի շենքում ոչ միայն վարձակալում է տարածք, այլև հիմնելու է բազմաֆունկցիոնալ հետազոտական կենտրոն՝ նորարարական լաբորատորիաներով ու արտադրական հնարավորություններով` էլեկտրոնիկայի, նյութագիտության, աէրոզոլի ուսումնասիրության և նախատիպերի մշակման ուղղությամբ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունն ու կենսունակ նշանակությունը, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ գիտահետազոտական և տեխնոլոգիական ներուժի զարգացման գործում։
«Ինժեներական քաղաքում ներգրավված յուրաքանչյուր ընկերություն շահում է՝ գտնվելով այնպիսի միջավայրում, որտեղ հնարավոր է համատեղել մուլտիդիսցիպլինար գիտահետազոտական նախագծերը, փորձի փոխանակումը և համագործակցությունը»,- նշել է նախարարը:
Նախարարը շեշտել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և կառավարության ռազմավարական նպատակն է Հայաստանը դարձնել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև համաշխարհային մակարդակով R&D կենտրոն։ Այս հուշագրի ստորագրումը հենց այդ մեծ նպատակին հասնելու կարևոր քայլերից մեկն է, որը հիմք է ստեղծում նոր գիտելիքի, նորարարական լուծումների և համատեղ նախագծերի համար։
Ինժեներական քաղաքում կառուցվող հետազոտական կենտրոնը նախատեսում է բերել նոր սերնդի սարքավորումներ, որոնք զգալիորեն կավելացնեն արտադրական և փորձարարական ներուժը։ Սա հիմք կդառնա նորարարական նախագծերի ստեղծման և գիտահետազոտական կապերի ընդլայնման համար։
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ «PMI Science»-ի 2025 թվականի Ֆակուլտետային հետազոտական ծրագրի ֆինանսավորման հավաստագրերի հանձնման արարողությունը։ Հավաստագրերը հանդիսավոր կերպով հանձնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և PMI ընկերության տեխնոլոգիաների և հետազոտությունների փոխնախագահ Լուկա Ռոսսին։
Այս դրամաշնորհները նախատեսված են բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին՝ աջակցելու նոր գաղափարների ստեղծմանը և հետազոտական նախագծերի իրականացմանը։ Ֆակուլտետային հետազոտական ծրագրի յուրաքանչյուր դրամաշնորհի չափը կազմում է 15․000 ԱՄՆ դոլար: