Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Գևորգ Մանթաշյանը մասնակցել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հանդիպմանը

ՀՀ պատվիրակությունն Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի բարձր մակարդակի հանդիպմանը՝ նվիրված կլիմայական խոցելիության խնդիրների լուծմանը:

Հայաստանի պատվիրակության անունից ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը: Իր ելույթում նա անդրադարձել է կլիմայի փոփոխության խնդրին՝ նշելով, որ ի թիվս այլ գլոբալ ճգնաժամերի՝ այն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների սոցիալ-տնտեսական վիճակի վրա ազդող կարևոր գործոններից է:

«Հայաստանը սահմանափակ բնական ռեսուրսներ ունեցող լեռնային երկիր է: Ըստ Համաշխարհային բանկի վերլուծության՝ Հայաստանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի չորրորդ ամենառիսկային երկիրն է կլիմայի փոփոխության ազդեցության առումով: Կլիմայի փոփոխության ազդեցությանը դիմագրավելիս՝ պետք է շեշտը դնել ցիրկուլյար (շրջանաձև) և կանաչ տնտեսության արտադրության, ապրանքների խելամիտ սպառման, ինչպես նաև՝ թվայնացման և կապի խթանման վրա», – նշել է նախարարի առաջին տեղակալը:

Գևորգ Մանթաշյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հավատարիմ է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային ջանքերին մասնակցելու իր հանձնառությանը, հիշեցրել, որ դեռևս 2021 թվականին Հայաստանը նպատակադրել է կրճատել ջերմոցային գազի արտանետումները 40 տոկոսով: Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ Հայաստանը պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի և գործընկեր պետությունների հետ՝ գտնելու տևական և կայուն լուծումներ կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու և խմբի երկրներում կայուն զարգացումն արագացնելու նպատակով:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսն անցկացվում է ամեն տարի՝ հանդիսանալով կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման միակ բազմակողմ ֆորումն աշխարհում։ Այն համախմբում է գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու կլիմայական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը։

Նմանատիպ գրառումներ