Եվս մեկ քայլ՝ ուղղված գործարար միջավայրի` հատկապես տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի ընկերությունների գործունեության բարելավմանը․ ՀՀ կառավարությունն ընդունել է ներկայացված նախագծերը
- Հրապարակվել է՝ 26/09/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Հայտարարություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
- Նորություն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»» օրենքների նախագծերին: Նախագծերով փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար իրավական հիմքեր կստեղծվեն, որն էլ, իր հերթին, կկրճատի լրացուցիչ ֆինանսական ծախսերը՝ բարելավելով գործարար միջավայրը՝ հատկապես տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի ընկերությունների համար։
Սեպտեմբերի 26-ին կայացած կառավարության նիստում նախագծերը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի և թույլտվության ստացում։ Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին, տնտեսվարողները պատվիրում են դրանց փորձաքննություն՝ նման գործունեության իրականացման համար հավատարմագրված կազմակերպություններում: Ընդ որում, փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի՝ մաքսային հայտարարագրումն իրականացնելու նպատակով։ Դա ենթադրում է ֆինանսական ծախսեր։ Մասնավորապես, 1 օրվա ընթացքում փորձաքննության իրականացման վճարը հավատարմագրված ընկերությունների կողմից հասնում էր 60 հազար դրամի։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ ներմուծվում և արտահանվում են նույն տեսակի ապրանքներ։ Նշված ցանկի հրապարակումը էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձևակերպումների հետ կապված վարչական և ֆինանսական բեռի կրճատմանը: Նոր կարգավորմամաբ իրավական հիմքեր են ստեղծվում նշված ցանկի հրապարակման համար: