Տեխնոլոգիական ոլորտի 300 աշխատակից կվերապատրաստվի. Մանրամասներ՝ «Կարողությունների զարգացում» ծրագրի վերաբերյալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքում 23 ընկերության շուրջ 300 աշխատակից տարբեր ուսումնական հաստատություններում անցնում են ոլորտային վերապատրաստման ծրագրեր։
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում նոյեմբերի 19-ին կայացել է «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Կարողությունների զարգացում» բաղադրիչին նվիրված մամուլի ասուլիսը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը և հայտերի գնահատման հանձնաժողովի անդամ, FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը։
Հայկ Ենգիբարյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ, նշել, որ ծրագիրն իրականացվել է 2 փուլով: Ընդհանուր ստացվել է 38 հայտ, որոնցից ընտրվել է 23-ը: Ներկայումս ընթանում են 23 կազմակերպության շուրջ 300 աշխատակցի վերապատրաստման դասընթացները 5 ուսումնական կենտրոններում՝ Forign University (Harvard)-ն, Sunny School-ը, Armenian Code Academy-ն, «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնը և Business Development Group-ը:
Սյուզաննա Շամախյանն անդրադարձել է այն չափանիշներին, որոնցով իրականացվել է գնահատումը։ Նա նշել է, որ բավականին լայն էր ստացված հայտերի շրջանակը, որը ներառում էր մարքեթինգից մինչև ծրագրավորման և մեքենայական ուսուցման խորացված դասընթացներ։
«Ամեն կառույց պետք է հիմնավորեր, թե ինչու հենց այդ ուղղությունն է իրեն պետք, ինչ բաց ունի այդ ուղղությամբ, որպեսզի հասկանայինք, թե ինչու պետք է պետությունն աջակցի հենց այդ ուղղություններով։ Հայաստանում շատ մեծ կարիք կա կրթություն-արդյունաբերություն-գիտություն եռանկյունը ճիշտ կառավարելու և այս դրամաշնորհների օգնությամբ հնարավորություն է ստեղծվում փորձել մասնագիտական արդյունավետության բարձրացումն իրականացնել մասնավոր հատվածում։ Այստեղ կարևոր է հաշվի առնել, որ Կառավարությունը և այլ մասնավոր կառույցներ բավականին շատ աշխատանք են կատարում, որպեսզի կարողանան լայնամասշտաբ ծրագրեր իրականացնել, քանի որ բոլոր խաղացողները գիտակցում են, որ ցանկացած մեկ մասնագետի ավելի ուժեղ լինելը տնտեսության համար կարևոր է և սա փաստ է»,- ասել է Սյուզաննա Շամախյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե հատկապես ո՞ր ընկերությունների համար է ավելի կարևոր ու անհրաժեշտ ներկայացված ծրագիրը, Հայկ Ենգիբարյանը նշել է.
«Անհրաժեշտություն կա բոլորին աջակցել իրենց կարողությունների, հմտությունների զարգացման առումով, որովհետև մեծ հաշվով պետությունը հետ է ստանում այն՝ հավելյալ արժեքի, նոր արժեքի հմտությունների արտադրողականության բարձրացմա տեսքով։ Ունենք և խոշոր ընկերություններ՝ տարբեր ուղղվածությամբ, և փոքր ընկերություններ, որոնց համար հատկապես կարևոր են այս ֆինանսական ներհոսքերը և ֆինանսական աջակցությունը՝ իրենց աշխատակիցների զարգացումն ապահովելու համար»։
2024 թվականի օգոստոսի 7-ին 6 ընկերության հետ կնքվել են դրամաշնորհի տրամադրման պայմանագրերը: Ծրագրի ավարտը նախատեսված է 2024 թվականի դեկտեմբերին: Ծրագրի բյուջեն կազմում է 120 մլն. դրամ:
«Կարողությունների զարգացում» բաղադրիչով առաջին փուլով կնքվել է 6 պայմանագիր՝ 29.6 մլն․ դրամ արժողությամբ: Տրամադրվել է կանխավճար 14.8 մլն. դրամ, մնացած մասը կփոխանցվի վերջնական հաշվետվությունը ընդունելուց հետո` դեկտեմբերին:
2-րդ փուլով կնքվել է 17 պայմանագիր՝ 76.9 մլն․ դրամ արժողությամբ: 38.4 մլն. դրամը փոխանցվել է որպես կանխավճար, մնացած մասը կփոխանցվի վերջնական հաշվետվությունը ընդունելուց հետո` դեկտեմբերին:
Հաղթող կազմակերպությունները՝ մինչև ծրագրի ավարտը, որպես հաջողության չափանիշ պետք է ներկայացնեն առնվազն մեկ ավարտական աշխատանք։
Ծրագրի ավարտը նախատեսված է 2024 թվականի դեկտեմբերին:
«Կարողությունների զարգացում» բաղադրիչով նախատեսվում է օժանդակել ՏՏ և ինժեներական կազմակերպությունների կադրային ռեսուրսների բարելավմանը՝ կադրերի վերապատրաստման լավագույն ծրագրերին տրամադրելով դրամաշնորհներ (վաուչերներ)։