Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Քննարկվել են գերհամակարգչի գործարկման և կիրառման արդյունավետ մոդելները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում՝ արհեստական բանականության գործիքների կիրառման կարիքների գնահատման և ըստ այդ կարիքների՝ տեսաքարտերի (graphics processing unit)  վրա հիմնված գերհամակարգչի կիրառելիության տարբերակների վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, Թուլուզի գիտահետազոտական համալսարանի նվիրատվությունը՝ գերհամակարգիչն, արդեն Հայաստանում է։  Քննարկման նպատակն էր լսել հեղինակավոր մասնագետների կարծիքները գերհամակարգչի վերաբերյալ, գնահատել վերջինիս կիրառելիության  կարիքները Հայաստանի տնտեսության և գիտության մեջ։  

Հանդիպմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի, ՀՀ գիտության կոմիտեի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ՀԱՊՀ գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնի, Երևանի ԷՆ հետազոտական լաբորատորիայի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), «Սինոփսիս Արմենիա» ընկերության, «Հայ մշակութային և գիտական ​ընկերակցութան» (ASOF), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը  շնորհակալություն է հայտնել ոլորտի մասնագետներին քննարկմանը մասնակցելու համար, ընդգծել նրանց կարծիքների և առաջարկությունների կարևորությունը գերհամակարգչի շահագործման կարիքների ու  առաջնահերթությունների վերաբերյալ: 

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ևս կարևորել է նման քննարկումների անհրաժեշտությունը, նշել, որ GPU արագացուցիչների վրա հիմնված գերհամակարգիչը կարող է ձևավորել տվյալների ամբողջովին նոր էկոհամակարգ, որի շնորհիվ կփոխակերպվի կարևորագույն ոլորտների աշխատանքների կազմակերպման ողջ տրամաբանությունը:

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը ներկայացրել է գերհամակարգչի հնարավորությունները, տեղադրման տեխնիկական ընթացքը, կիրառելիության հնարավորությունները։

Հատկանշական է, որ Թուլուզի գիտահետազոտական համալսարանի կողմից նվիրաբերած գերհամակարգիչն իր հզորությամբ առաջինն է տարածաշրջանում և Արևելյան գործընկերության երկրներում, իսկ  ԱՊՀ երկրների շարքում՝ 2-րդը երկիրը Ռուսաստան Դաշնությունից հետո: Գերհամակարգիչը հնարավորություն է ընձեռում ներբեռնել և մշակել ծավալուն տվյալներ, անցկացնել ժամանակակից հետազոտություններ «մեծ տվյալների» (Big Data), ինչը կնպաստի աշխատանքային գերծանրաբեռնվածության նվազեցմանը և տվյալների մշակման արդյունավետության բարձրացմանը: 

Այնուհետև քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն ու  պատկերացումները GPU-ի վրա հիմնված համակարգչի առավել արդյունավետ գործարկման և ռիսկերի վերաբերյալ: Նրանք առաջարկել են նաև աշխատանքային խումբ ստեղծել՝ ներգրավելով CPU, GPU մոդելներով աշխատող մասնագետներին, շահագրգիռ կողմերին՝  հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ պլանավորելու և կազմակերպելու համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի գերհամակարգչի կիրառման առավել  նպատակային մոդելներ մշակելու նպատակով նման քննարկումները շարունակական լինեն: 

Նմանատիպ գրառումներ