Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարարը և դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման մի շարք ուղղություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։

Կողմերը մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքի, գործակցության նոր հնարավորությունների շուրջ։

Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է թվայնացման ոլորտում նախարարության կողմից իրականացվող գործունեությանը, նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթ նշանակություն է տալիս ոլորտի զարգացմանը, կարևորում տնտեսության տարբեր ուղղություններում թվային տեխնոլոգիաների լայն կիրառությանը, էլեկտրոնային կառավարման արդիականացմանը։ Նախարարն ընդգծել է նաև, որ այդ ուղղությամբ իրականացված կարևորագույն աշխատանքներից է ՀՀ թվայնացման 2021-2025թթ. ռազմավարության մշակումը և ընդունումը։

Նիկոլաս Սխերմերսը ներկայացրել է թվայնացման ուղղությամբ Նիդերլանդների Թագավորության ունեցած փորձը, մանրամասնել Հայաստանի 2021թ. ՏՀՏ էկոհամակարգի հիման վրա արված Էլեկտրոնային առևտրայնացման (E-commercialization) ծրագիրը: Դեսպանը նշել է, որ այն իրականացվել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան և Հոլանդական ձեռնարկությունների գործակալության (RVO) կողմից և նպատակ ունի բացահայտելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներուժն ու կարողությունները, այդ ուղղությամբ համագործակցության հեռանկարները։

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել ներկայացված ծրագրի շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել աշխատանքային հանդիպում՝ առավել առարկայական քննարկելու բարձրացված հարցերն ու համագործակցության շուրջ մոտեցումները։

Նմանատիպ գրառումներ