Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի հաղթող Մալենան:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի խորհրդանիշը՝ հայկական ազգային նախշերով զարդարված պտտվող հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին:

Նամականիշի վրա նաև պատկերված է «Պտտի՛ր հրաշքը» Եվրատեսիլի կարգախոսը, ինչպես նաև՝ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Հարկ է նշել, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին: Մրցույթում Հայաստանը հաղթել է երկու անգամ: 2010 թվականին Հայաստանին հաղթանակ է բերել Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով, իսկ 2021 թվականին երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Մալենան իր «Քամի, քամի» երգով:

Նմանատիպ գրառումներ