Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես եկել ելույթով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 1-ին մասնակցել է Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

Շնորհավորելով ընկերության թիմին նշանակալի իրադարձության կապակցությամբ՝ իր ելույթում նախարար Հայրապետյանն անդրադարձել է Viva-ի ունեցած կարևորագույն դերակատարությանը՝ Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման ու առաջընթացի գործում։

«Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում 2005թ. հուլիսի 1-ը հեղափոխական տարեթիվ է: Այդ օրը նշանավորվեց ոչ միայն Հայաստան նոր տեխնոլոգիաների և նորարարությունների մուտքով, այլև ամենակարևորը՝ կոտրվեց այն կարծրատիպը, թե իբր բջջային կապը միայն ընտրյալների համար է: Viva-ն ապացուցեց, որ բջջային կապը կարող է լինել ավելի մատչելի, ավելի որակյալ, ավելի հասանելի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Viva-ի թիմին, որ այս ամենը կարողացավ իրականություն դարձնել:

Վերլուծելով այս տարիների ընթացքում Viva-ի անցած ուղին՝ կարող եմ վստահաբար ասել, որ Viva-ն ապագայում ևս ապավինելու է նոր տեխնոլոգիական լուծումների, նորարարությունների՝ էլ ավելի որակյալ դարձնելով իր ծառայությունները բաժանորդների համար և այդպիսով հզորացնելով հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։։

Նմանատիպ գրառումներ