Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏ ոլորտի հարկային արտոնությունների և պետական աջակցության օրենքների շուրջ քննարկումները շարունակվում են. աշխատաժողովին մասնակցել է ԲՏԱՆ գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը

ՏՀՏ գործատուների միությունը` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ITReports-ի հետ միասին ապրիլի 14-ին կազմակերպել էր աշխատաժողով՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նոր օրենքների շուրջ։  

Բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը, ITReports-ի համահիմնադիր  և  տնօրեն Դավիթ Նիկողոսյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) իրավաբան Արամ Խաչատրյանը։

Աշխատաժողովին մասնակցում էին տեխնոլոգիական համայնքի ղեկավարներ, աշխատակիցներ, ներկայացուցիչներ։ 

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական ոլորտի հարկային արտոնությունների և պետական աջակցության օրենքները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականի հունվարի 1-ից։ Նա ընդգծել է, որ դեռևս օրենքների ընդունման նախնական փուլում պարբերաբար հանդիպումներ են անցկացվել ոլորտի ընկերությունների հետ, մանրակրկիտ քննարկվել են բոլոր առաջարկները և դրանց հիման վրա իրականացվել են համապատասխան փոփոխություններ։ Գասպարյանը նշել է, որ նախարարությունն առաջիկայում ևս բաց է համագործակցության և պատրաստ է անհրաժեշտության դեպքում խմբագրել, վերաշարադրել և շարունակաբար բարելավել ամբողջ օրենսդրական փաթեթը։

Աշխատաժողովի ընթացքում օրենքների վերաբերյալ ընդարձակ և բովանդակալից ելույթով հանդես է եկել EIF իրավաբան Արամ Խաչատրյանը՝ ներկայացնելով օրենքներում ներառված հիմնական դրույթներն ու դրանց կիրառության մեխանիզմները։

Մասնակիցները բազմաթիվ հարցեր են ուղղել բանախոսներին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչպես կարելի է հիմնավորել, որ ծառայություններ մատուցող ընկերությունը զբաղվում է ծրագրավորմամբ, ինչ վերահսկողական մեխանիզմներ են գործարկվելու, ինչպես են կարգավորվելու միաժամանակ ներկայացված մի քանի հայտերի մշակման ընթացակարգերը, և արդյոք մերժման դեպքում հնարավոր է վերադաս մարմնին ներկայացնել նոր դիմում։ Բանախոսները պատասխանել են հարցերին՝ տալով սպառիչ պարզաբանումներ։

Բարձրացվել են նաև մի շարք առաջարկներ՝ մասնագիտական զբաղմունքների դասակարգիչները պաշտոններով փոխարինելու, գրանցման հայտի մեջ մասնագիտական զբաղմունքների վերաբերյալ լրացուցիչ դաշտ ավելացնելու, ինչպես նաև միգրանտների և R&D ոլորտի հետ կապված իրավակարգավորումների վերանայման վերաբերյալ։

Գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանն իր եզրափակիչ խոսքում նշել է, որ օրենքների կատարելագործման շուրջ քննարկումները շարունակական բնույթ են կրելու, և իրավական ակտերի մշակման ու ընդունման փուլերում քարտեզագրվելու են առկա բացերն ու բացթողումները՝ հաշվի առնելով նաև աշխատաժողովի ընթացքում բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկությունները։

Աշխատաժողովն անցել է կառուցողական մթնոլորտում, և կողմերը պայմանավորվել են, որ ԲՏ ոլորտի հարկային արտոնությունների և պետական աջակցության օրենքների շուրջ նման ձևաչափով քննարկումները պետք է դառնան շարունակական։

 

Նմանատիպ գրառումներ