ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է Հանրայինի նոր՝ 8-րդ տաղավարի շինարարական աշխատանքների ընթացքին
- Հրապարակվել է՝ 21/05/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ այցելել է Հանրային հեռուստաընկերություն՝ ծանոթանալու հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) շինարարության աշխատանքների ընթացքին:
Նախարար Հայրապետյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և ռազմավարական ծրագրերի ղեկավար Ռուբեն Շահինյանի ուղեկցությամբ շրջել է հեռուստաստուդիայի տարածքով, ծանոթացել կառուցման աշխատանքների ընթացքին, նախատեսվող ենթակառուցվածքներին, շինարարական աշխատանքների ժամանակացույցին և շահագործման հանձնման ժամկետներին:
Քննարկվել են առաջիկա անելիքները և շինարարության, ինչպես նաև հարակից տարածքների հետագա բարեկարգման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ ի դեմս Առևտրի նախարարության միջև 2023 թվականի հունիսի 2-ին կնքվել է եռակողմ՝ նոր, 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագիր։
Պայմանագրի շրջանակներում՝ մասնաշենքի կառուցման նպատակով, չինական կողմը արդեն իսկ գործուղել է անհրաժեշտ քանակությամբ ինժեներական, տեխնիկական անձնակազմ ու աշխատակիցներ։
Համաձայն նշված պայմանագրի հայկական կողմը՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը պարտավորվում է իրականացնել նոր կառուցվող մասնաշենքի մոտեցման ճանապարհները ներառյալ ինժեներական ենթակառուցվածքները։ Ծրագրի իրականացման նպատակով «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը հիմնել է Հայ-Չինական համագործակցության ծրագրի գրասենյակ։
Կառուցվելիք 8-րդ տաղավարը լինելու է Հայաստանի անկախության շրջանում հայկական հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որի տարածքում գործելու է 1000 քմ տարածք ունեցող ստուդիա:
Նոր հեռուստաստուդիայի նպատակն է ավելացնել հեռուստատեսային հեռարձակման ծավալները։ Նոր մասնաշենքը թույլ կտա իրականացնել նոր՝ ավելի մեծ մասշտաբների հեռուստատեսային նախագծեր։