Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Կառավարությունն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ է հատկացրել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման նպատակով

ՀՀ կառավարության մայիսի 22-ի նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով 2025 թվականի բյուջեով «Պետական աջակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին» միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցներից 65,660,000․0 դրամ վերաբաշխել և հատկացնել նոր՝ «Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակում» միջոցառմանը։

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակումը սկսվել է 2024 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ / USAID) կողմից ֆինանսավորվող «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակում։ Ռազմավարական ծրագրի մշակող է ընտրվել «Ամերիա» ՓԲԸ-ն՝ Fraunhofer Institute for Systems and Innovation Research ISI-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Մոդեքս» ընկերության հետ համատեղ։  Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 93,800,000 ՀՀ դրամ, իսկ աշխատանքների իրականացման ժամկետը սահմանվել է մինչև 2025 թվականի հուլիսի 30-ը։

2025 թվականի փետրվարի 26-ին ԱՄՆ ՄԶԳ-ն դադարեցրել է «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը։ Այդ հիմքով՝ լուծվել է նաև CNFA-ի և «Ամերիա» ՓԲԸ-ի միջև կնքված ենթապայմանագիրը։

Ռազմավարական ծրագրի մշակման գործընթացը նախատեսված էր իրականացնել վեց փուլով: Մինչ ենթապայմանագիրը լուծելը, խորհրդատվական ընկերությունը ավարտել է առաջին փուլի աշխատանքները, որի դիմաց ծրագրի միջոցներից կատարվել է վճարում ենթապայմանագրով սահմանված 9,380,000 ՀՀ դրամի չափով։

Որոշմամբ նախատեսվում է ծրագրի մնացած 5 փուլերը՝ 84,420,000․0 դրամ արժեքով, իրականացնել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: 4-րդ փուլը՝ 65,660,000 դրամ արժեքով, կիրականացվի 2025 թվականի ընթացքում, համաձայն ժամանակացույցի, իսկ ավարտական փուլը՝ 18,760,000․0 դրամ արժեքով, նախատեսվում է ավարտել 2026 թվականի առաջին եռամսյակում։

Նմանատիպ գրառումներ