Միջգերատեսչական հանդիպում՝ երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ
- Հրապարակվել է՝ 08/04/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին կայացել է հանդիպում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Հայաստանում 16 տարեկանից ցածր երեխաների առցանց անվտանգության և «առանց հեռախոսի» դպրոցական միջավայրի բարելավմանը միտված ծրագրի հայեցակարգը:
Նախարարն անդրադարձել է Հայաստանում համացանցի հասանելիությանն ու թվային տեխնոլոգիաների զարգացմանը, ընդգծել դրանց ստեղծած հնարավորությունները: Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ հատկապես սոցիալական մեդիայի, թվային հարթակների և շարժական սարքերի ոչ նպատակային, չափից ավելի հաճախակի ու ոչ գրագետ օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների և դեռահասների վրա՝ առաջացնելով լուրջ մարտահրավերներ և ռիսկեր։
Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ երեխաների առցանց պաշտպանությունը հնարավոր չէ դիտարկել որպես մեկ գերատեսչության միանձնյա պատասխանատվություն, այլ միայն համատեղ և համակարգված աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել դրական արդյունքների։
Այս ուղղությամբ հիմնավոր որոշումներ կայացնելու նպատակով նախարարն առաջարկել է կիրառել նաև ոլորտի առաջատար երկրների փորձը և միջազգային կազմակերպությունների հետազոտություններն ու առաջարկությունները:
Հանդիպման առանցքում հետևյալ թեմաներն էին՝ դեռահասների շրջանում հոգեկան առողջության խնդիրները, ուշադրության շեղումը, թվային հաղորդակցությունից և սոցիալական մեդիայից կախվածությունը, առցանց անպատշաճ բովանդակության տարածումը, շահագործման և կիբերբուլինգի դեպքերը։
Մասնակից տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ ներկայացրել են զեկույցներ, կարծիքներ և առաջարկություններ։
Թե ինչ հետագա քայլեր պետք է արվեն դրանց կանխարգելման և առկա խնդիրների լուծման համար, այդ մասին մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Որոշվել է ձևավորել նաև աշխատանքային խումբ:
Հանդիպմանը մասնակցել են ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը և այլք: