Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ամփոփվել է «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. կարևորվել է ապագա մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները

Դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ապագա» կրթական հիմնադրամի համատեղ «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են ԲՏԱՆ-ում ՀՀ բուհերի ուսանողների  պրակտիկայի արդյունքները։

Ողջունելով մասնակիցներին՝  ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշել է նախաձեռնության կարևորությունը՝ ընդգծելով, որ ծրագիրը նպաստում է տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների մասնագիտական կողմնորոշմանն ու գործնական կարողությունների ամրապնդմանը։ Խոսել է նաև պետական ծառայողների պատասխանատու աշխատանքի,  պետական համակարգում երիտասարդ մանագետների ներգրավվածության կարևորության մասին։ 

«Ավելի շատ պետք է ուսանողներին ներգրավենք պետական համակարգում՝ փորձ ձեռք բերելու, նաև փոխանցելու նպատակով։ Այն նոր շունչն ու թարմությունը, որ ուսանողները բերում են ցանկացած համակարգ թե´ պետական, թե´ մասնավոր, շատ կարևոր է և´ մեր, և´ ուսանողների մոտիվացիայի համար»,- ասել է նա։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «Ապագա» կրթական հիմնադրամի նախագահ Ռոզա Սոլոմոնյանը՝ կարևորելով ԲՏԱ նախարարության և կրթական հիմնադրամի համագործակցությունը: Նրա խոսքով՝  միասնական ջանքերի արդյունքում ստեղծվել են արդյունավետ հարթակներ, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս տեղափոխվել իրական աշխատանքային միջավայր և ձեռք բերել գործնական հմտություններ։

Ծրագրի մասնակից ուսանողներն իրենց երախտագիտությունն են հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին՝ շեշտելով, որ պրակտիկան հնարավորություն է տվել ներգրավվելու իրական աշխատանքային գործընթացներում, ծանոթանալու նախարարության գործունեությանը և մասնագիտական գիտելիքները կիրառել գործնականում։

Միջոցառման ընթացքում անցկացվել է «Տեխնոլոգիական քուիզ» ինտելեկտուալ խաղը, որի լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը պարգևատրվել են խրախուսական նվերներով։ Ամփոփիչ հատվածում ցուցադրվել է ուսանողների պատրաստած «Միֆեր նախարարության մասին» տեսահոլովակը։

Նշենք, որ եռամսյա պրակտիկային մասնակցել են 9 ուսանողներ՝ ԵՊՀ-ից, ՀԱՊՀ-ից, Հայաստանի ամերիկյան համալսարանից և «Եվրասիա» միջազգային համալսարանից։ Վերջիններս ներգրավված են եղել նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, Թվայնացման, Շուկայի զարգացման, Ֆինանսատնտեսագիտական, Միջազգային համագործակցության և Գործերի կազմակերպման վարչությունների աշխատանքներում։

Նմանատիպ գրառումներ