«Ինտտեգրալ Սոլյուշնս» ՍՊԸ-ն «Ինժեներական քաղաք»-ում ռեզիդենտի կարգավիճակ է ստացել. հավաստագրման հանձնաժողովը հաստատել է հայտը
- Հրապարակվել է՝ 19/06/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի գլխավորությամբ հունիսի 19-ին կայացել է ՀՀ կառավարության որոշմամբ «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման նպատակով ձևավորված հավաստագրման հանձնաժողովի հերթական նիստը։ Ներկայացվել և քննարկվել է «Ինտտեգրալ Սոլյուշնս» ՍՊԸ-ից ստացված հայտը՝ Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ ստանալու վերաբերյալ։
Հանձնաժողովի անդամների կողմից փաստարկվել է, որ հայտը մանրամասն ուսումնասիրվել է, և այն համապատասխանում է սահմանված չափանիշներին և պայմաններին։
«Ինտտեգրալ Սոլյուշնս» ՍՊԸ-ի ներկայիս գործունեությունը, հեռանկարային ծրագրերը, ընդլանման ու զարգացման հնարավորություններն է ներկայացրել «Ինտտեգրալ Սոլյուշնս»-ի համահիմնադիր, ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ Նշվել է, որ ընկերությունը ստեղծվել է 2023թ., զբաղվում է կիսահաղորդիչների դիզայնով, վավերացմամբ և ստուգմամբ, կարևորվել է «Սիմենս» ընկերությունից ձեռքբերված Սուպեր համակարգիչի փաստը, որն իր տեսակով միակն է տարածաշրջանում և որը նախատեսվում է տեղադրել Ինժեներական քաղաքում՝ օգտագործելով համակարգչի ամբողջ պոտենցիալը։
Հանձնաժողովի անդամները հարցեր են ուղղել բանախոսին, որից հետո, քվեարկության արդյունքում, միաձայն հաստատվել է «Ինտտեգրալ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հայտը։
Ամփոփելով նիստը՝ Ռուբեն Սիմոնյանը կարևորել է «Ինժեներական քաղաք»-ի դերը՝ տարածաշրջանային տեխնոհաբ դառնալու, Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման ու առաջընթացի համատեքստում։