ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»
- Հրապարակվել է՝ 12/05/2025
- Թեմաներ
- Նորություն
- Պաշտոնական
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մայիսի 12-ին այցելել է «Ինժեներական քաղաք»:
«Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարար Հայրապետյանն ու դեսպան Մարագոսը շրջել են «Ինժեներական քաղաք»-ում: Շրջայցին մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:
Դեսպանին է ներկայացվել ԻՔ-ի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ինչպես նաև ԻՔ նախաձեռնության տեսլականը:
Դեսպանը ծանոթացել է առկա ենթակառուցվածքներին, «Ինժեներական քաղաք»-ում նախատեսվող Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի, Ազգային գերհամակարգչային կենտրոնի, ինչպես նաև արդեն իսկ գործող ընկերությունների գործունեությանն ու արտադրանքին, կիսվել իր տպավորություններով:
Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության նոր հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա անելիքների ուղղությամբ:
«Ինժեներական քաղաքը» պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության՝ ի դեմս ԲՏԱ նախարարության գործուն և առանցքային աջակցությամբ, Ինժեներական ասոցիացիայի և մասնավոր հատվածի մի շարք ընկերությունների հետ համագործակցությամբ։
Ինժեներական քաղաքում այս պահին ներգրավված է 30 ինժեներական և բարձր տեխնոլոգիական կազմակերպություն, 350 աշխատակից՝ հիմնականում փորձառու ինժեներներ: