ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է կիբեռանվտանգության քաղաքականություններին ուղղված աշխատաժողովին
- Հրապարակվել է՝ 30/10/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Հոկտեմբերի 29-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Կիբեռանվտանգության քաղաքականությունների և կառավարման ապագան Հայաստանում․ Կիբեռքաղաքականության ուսումնասիրություն» թեմայով աշխատաժողովին։
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ կարևորելով կիբեռանվտանգության թեմայով նման քննարկումների անցկացումը։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են կիբեռհարձակումների կանխարգելմանը և հանրության շրջանում կիբեռգրագիտության բարձրացմանը։
Նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նախարարության կողմից մշակված և ՀՀ ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Կիբեռանվտանգության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին՝ նշելով, որ վերջինիս նպատակն է ձևավորել հայրենական և միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգ՝ պետական կառավարման մարմիններում և մասնավոր հատվածում կիբեռանվտանգության արդի ենթակառուցվածքների կառուցման ու ծառայությունների արդյունավետ տրամադրման համար։
Իր խոսքում Գևորգ Մանթաշյանն անդրադարձել է նաև «ԿիբեռԱմիս 2025»-ի շրջանակում նախորդ օրերին իրականացված միջոցառումներին՝ ընդգծելով ԲՏԱ նախարարության կողմից կազմակերպված ուսանողական ազգային կիբեռվարժանքի և մարզերում անցկացվող իրազեկման արշավների կարևորությունը՝ հանրային գիտելիքների բարձրացման և կիբեռանվտանգ մշակույթի ձևավորման տեսանկյունից։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Լարս Հեննիգը՝ ընդգծելով կիբեռսպառնալիքներին դիմակայելու համար համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ առցանց տիրույթում աշխարհն ավելի անվտանգ դարձնելու համար ներդրումներից բացի անհրաժեշտ են նաև կառավարությունների համակարգված գործողությունները՝ առցանց ծառայությունների պաշտպանությունն ապահովելու և քաղաքացիների վստահությունը պահպանելու նպատակով։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համատեղ նախաձեռնությամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ։
Միջոցառմանը մասնակցում են պետական և մասնավոր հատվածներից շուրջ 50 ներկայացուցիչներ։