Օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող բովանդակության տարածումը, կարգելվի նաև օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը
- Հրապարակվել է՝ 25/12/2025
- Թեմաներ
- Հայտարարություն
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Պաշտոնական
- Նորություն
ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում հաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է վերանայել և հստակեցնել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքները՝ սահմանելով դրանց կիրառման առավել կոնկրետ դեպքերը։ Մասնավորապես, օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։
Փոփոխություններով նախատեսվում է սահմանել նաև նոր դրույթ, ըստ որի՝ կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։
Նախագծով հստակեցվել են ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, չափանիշներն ու կիրառման մեխանիզմները։ Վերանայվել և խմբագրվել են նաև տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները։ Լրացումներ և փոփոխություններ են կատարվել Տուգանքներին վերաբերող բաժնում, մասնավորապես, օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքերի մասով։ Նոր հոդված է ավելացվել, որը կարգավորում է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման ընթացակարգը։
Առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում կկատարելագործվեն տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության և կարգավորման մեխանիզմները, կբարձրանա օրենքի կիրառելիությունն ու գործնական արդյունավետությունը։
Նախագծի ընդունմամբ կկանխվեն երկիմաստ մեկնաբանությունները և կապահովվի կանխատեսելի իրավական միջավայր ոլորտում գործող սուբյեկտների համար։ Կսահմանվեն հավասար մրցակցային պայմաններ՝ ապահովելով արդար մրցակցություն, բացառելով մենաշնորհային դիրքի չարաշահումները և նվազեցնելով շուկայում անհավասար պայմանների առաջացման ռիսկերը։
Միաժամանակ, փոփոխությունները միտված են քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը՝ հնարավորություն տալով կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի և այլ վնասակար բովանդակության տարածումը։ Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ ապահովելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողություն և վերահսկելիություն։
Նշենք, որ օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի սերտ համագործակցությամբ։