ՀՀ ԲՏԱ նախարարությունը մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսին
- Հրապարակվել է՝ 16/09/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

Սեպտեմբերի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսին՝ ուսանողներին և այցելուներին ծանոթացնելով նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, իրականացվող կրթական և դրամաշնորհային ծրագրերին, ինչպես նաև պետական աջակցության գործիքակազմին։
Նախարարության տաղավարում կազմակերպված տեխնոլոգիական խաղի միջոցով ուսանողները փորձել են իրենց գիտելիքները՝ մրցելով միմյանց հետ, իսկ հաղթողներին հանձնվել են խրախուսական մրցանակներ։
ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ, շրջել է ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթանալով մասնակից կազմակերպությունների ներկայացրած ծրագրերին ու նախաձեռնություններին։
Ցուցահանդեսի ընթացքում տեղի են ունեցել թեմատիկ բանախոսություններ, որի շրջանակում ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը հանդես է եկել «Համալսարանական կրթությունը և գիտելիքահեն կարիերայի հնարավորությունները» թեմայով։ Ենգիբարյանն ուսանողներին ներկայացրել է իր մասնագիտական և աշխատանքայի ուղին։ Իր խոսքում նա ներկայացրել է նաև նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք ստեղծում են լայն հնարավորություններ ոչ միայն մասնագիտական կողմնորոշման, այլև գործնական հմտությունների զարգացման ու կատարելագործման համար։
Հայկ Ենգիբարյանը կարևորել է ուսանողների ակտիվ մասնակցությունը նախարարության կողմից կազմակերպվող հաքաթոններին՝ նշելով, որ դրանք հիանալի հնարավորություն են համալսարանում ստացած տեսական գիտելիքը կիրառելու և ամրապնդելու իրական նախագծերի միջոցով։
Էքսպոյի նպատակն է ներկայացնել կրթական և կարիերային հնարավորությունները՝ ապահովելով արդյունավետ հաղորդակցություն գործատուների, շրջանավարտների և ուսանողների միջև, ինչպես նաև թեմատիկ քննարկումների միջոցով բացահայտել կրթական համակարգի և գործատուների համագործակցության առանձնահատկությունները, խնդիրները և զարգացման հեռանկարները։