AWS Community Day Armenia 2025-ը Երևանում է համախմբել ամպային տեխնոլոգիաների առաջատարներին ամբողջ աշխարհից. Գևորգ Մանթաշյանը ողջունել է մասնակիցներին
- Հրապարակվել է՝ 27/05/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Նորություն
- Պաշտոնական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է AWS (Amazon Web Services) Community Day Armenia 2025-ին, որը տեղական մասնագիտական համայնքի հետ ամպային տեխնոլոգիաների և կրթությանը նվիրված միջոցառում է։ Միջոցառմանը, որպես հատուկ հյուր, մասնակցել է նաև Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ Ջեֆֆ Բարրը։
Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է ՀՀ կառավարության և AWS-ի համագործակցության շրջանակում իրականացված գործունեությունը՝ ընդգծելով Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և AWS-ի միջև ստորագրված հուշագրի կարևորությունը, որն ուղղված է Հայաստանի թվային փոխակերպման առաջխաղացմանը և համապատասխան լուծումների կիրառմանը։ Նախարարի առաջին տեղակալն իր խոսքում կարևորել է տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների դերը, ովքեր ոգևորված են գտնելու լավագույն նորարարական լուծումները, բարելավելու թվային հանրային ծառայությունների որակը և ապահովելու ամպային տեխնոլոգիաների հասանելիությունն ու զարգացումը ժամանակակից աշխարհում։
Գլխավոր բանախոսությամբ հանդես է եկել Ջեֆֆ Բարրը՝ ներկայացնելով ամպային տեխնոլոգիաների և թվային ճարտարապետության ապագայի վերաբերյալ իր պատկերացումներն ու նպատակները։
Ջեֆֆ Բարրի այցի շրջանակում հանդիպումներ են կայացել ՀՀ նախագահի և ԲՏԱ նախարարի հետ, որոնց արդյունքում ձևավորվել են նոր նախաձեռնություններ՝ ուղղված ամպային տեխնոլոգիաների զարգացմանն ու համագործակցության խորացմանը։
Միջոցառման ընթացքում անցկացվել են նաև գործնական սեմինարներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել լսելու փորձառու ինժեներներին, հարցեր ուղղելու նրանց, քննարկելու և ծանոթանալու ոլորտի նորարարական հաջողված պատմություններին։