Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Երևանյան երկխոսություն 2025» թեմային

Մայիսի 26-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Երևանյան երկխոսություն 2025» թեմային:

Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Դիտորդ հետազոտական հիմնադրամի» նախագահ Սամիր Սարանը (Հնդկաստան), «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Զբիգնև Պիսարսկին (Լեհաստան):

Նամականիշի վրա պատկերված է Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի նախագծով կառուցված հուշարձանի վերնամասը, որը նմանեցված է ուրարտական ժամանակշրջանին բնորոշ աշտարակներին, իսկ կենտրոնում գտվում է կենաց ծառ խորհրդանշող սոսու տերևը (ծառը): Նամականիշի վրա նաև պատկերված է Երևանյան երկխոսության լոգոտիպը և «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Գեղաթերթիկի վրա պատկերված են Երևան քաղաքի խորհրդանիշերից մի քանիսը՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շենքը, «Մայր Հայաստան» արձանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Սասունցի Դավթի արձանը:

Գեղաթերթիկի ներքևի հատվածում նշված է «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:    

«Երևանյան երկխոսություն»-ը միջազգային համաժողով է, որն ամեն տարի Երևանում է հյուրընկալում բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների ամբողջ աշխարհից՝ ծավալելու թեմատիկ տարբեր ուղղություններով քննարկումներ:

Նմանատիպ գրառումներ