ՀՀ ԲՏԱ նախարարությունն և «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու արհեստական բանականության զարգացումը Հայաստանում
- Հրապարակվել է՝ 10/02/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
![](/images/post_1739216989173921698967aa585d62354.jpeg)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը մեկնարկում են համագործակցություն՝ խթանելու արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համատեղ նախաձեռնությունները։ Փետրվարի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։
Գևորգ Մանթաշյանը նշել է, որ այս համագործակցությունը կարևոր գործոն է հզոր էկոհամակարգ ձևավորելու համար, որը կներգրավի տաղանդավոր մասնագետներին և կօգտագործի ԱԲ լուծումներն՝ առավել արդյունավետ և արագ կառավարում ապահովելու համար։
«Mistral AI» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մեսչն ընդգծել է, որ Հայաստանի ԱԲ էկոհամակարգը ծաղկում է, և հպարտ են, որ կարող են իրենց ԱԲ լուծումներով աջակցել Հայաստանի պետական կառավարման համակարգին, ստարտափներին և տաղանդներին:
Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանում բարելավել ԱԲ ենթակառուցվածքները, աջակցել ԱԲ հենքով բիզնես լուծումներին և բարելավել հանրային կառավարումը ԱԲ հիմքով գործող GovTech ծրագրի միջոցով՝ կիրառելով «Mistral AI» ընկերության փորձառությունը առևտրային և բաց կոդով արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում:
Ակնկալվում է, որ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանում ԱԲ էկոհամակարգի առանցքային դերակատար՝ խթան հանդիսանալով նորարարությանը և տեխնոլոգիական առաջընթացին: Փաստաթուղթը միտված է տեխնիկական աջակցության և գիտելիքների փոխանակման միջոցով ամրապնդել Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգը, նորարարության ոլորտում գործունեություն ծավալողների համար ներդնել արհեստական բանականության հարթակ՝ բիզնես լուծումներ մշակելու համար և աջակցել ԱԲ գործիքների կիրառմանը կառավարման ու ծառայությունների մատուցման արդյունավետությունը խթանելու համար:
ՀՀ կառավարության և արդյունաբերական ոլորտի համագործակցության շրջանակում Հայաստանի կառավարությունը կապահովի ենթակառուցվածքային և կարգավորող աջակցություն, իսկ «Mistral AI»-ը Հայաստանում կօգտագործի իր փորձառությունը, կանցկացնի վերապատրաստումներ և կառաջարկի ԱԲ նպատակային լուծումներ։