Կայացել է միջազգային հեղինակավոր աքսելերատորի ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը

Փետրվարի 22-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Plug and Play» միջազգային հեղինակավոր աքսելերատորի կողմից նախորդ տարվա հոկտեմբերից մեկնարկած ծրագրի ամփոփման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է ծրագրի կարևորությունը հայաստանյան ստարտափ էկոհամակարգի զարգացման համար՝ նշելով, որ այն հնարավորություն է տվել հայկական ընկերություններին ստանալ բարձրակարգ մենթորություն, ներդրումային հնարավորություններ և հասանելիություն գլոբալ շուկաներին։
«Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են մենթորները և «Plug and Play»-ի թիմն աշխատել ծրագրում ներգրավված ստարտափների հետ՝ ամենօրյա նպատակաուղղված աշխատանք կատարելով և նոր հնարավորությունների ճանապարհ բացելով նրանց համար»,- նշել է նախարար Հայրապետյանը՝ հավելելով, որ սա ծանրակշիռ հիմք է համագործակցության հետագա հնարավորությունների քննարկման համար։
Կարևորելով նորարարությունը և բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը որպես ՀՀ տնտեսության առաջընթացի շարժիչ ուժ՝ նախարարը նշել է. «Մեր ժամանակը, ռեսուրսները և էներգիան սահմանափակ են, ուստի պետք է դրանք ուղղել մեր ռազմավարական առաջնահերթության վրա, այն է՝ Հայաստանը դարձնել միջազգային տեխնոլոգիական և նորարարական կենտրոն»,- եզրափակել է նախարարը՝ շնորհավորելով ծրագրի մասնակից ստարտափներին և շնորհակալություն հայտնելով «Plug and Play»-ի թիմին արդյունավետ աշխատանքի համար։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «Plug and Play Germany GmbH»-ի գործադիր տնօրեն Սաշա Քարիմպուրը։ Անդրադառնալով ծրագրի շրջանակում ներգրավված ստարտափներին՝ նա ընդգծել է, որ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը հիանալի վիճակում է, քանի որ ստարտափների հիմնադիրներն ունեն նորարարական մտածողություն և համարձակ տեսլական։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Ճապոնիայի և Չինաստանի փոխդեսպանները, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Այնուհետև ծրագրում ընդգրկված ստարտափները ներկայացրել են իրենց գործունեությունը, որից հետո տեղի է ունեցել պանելային քննարկում «Խթանելով ինովացիոն էկոհամակարգերը» թեմայով:
Ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 119 ստարտափներից ընդգրկվել են 20-ը՝ Tactun, Kerpak, The Fintch, EdMap, Prodmap, Doctor Yan, Biocentric, Wearify, Hirebee, Zegashop, Moby, Sestive, Hoviv, FiveBrane, Text'nPayMe, Doccy, CaseLens, doodooc, Drawstory, Pearch AI ստարտափները, որոնց «Plug and Play»-ը տրամադրել է խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:
Մասնակիցներից 7-ը՝ Doccy, Biocentric. ai, Tactun, Moby, Zegashop, Prodmap. ai, Perch. ai ստարտափների ներկայացուցիչները, նոյեմբերի 19-21-ը մասնակցել են «Plug and Play»-ի Սիլիկոնյան հովտի «Ձմեռային գագաթնաժողով 2024»-ին։ Սա անչափ մեծ հնարավորություն էր նրանց համար ներկայացնելու Հայաստանը, կապեր հաստատելու, բրենդավորելու իրենց թիմերը և պրոդուկտները միջազգային հարթակներում։ Համաժողովի 3 օրերի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններով տարաբնույթ թեմաների շուրջ դասախոսություններ են կարդացել համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների 75-ից ավելի խոսնակներ։ Մասնակից հայաստանյան ստարտափները Winter Summit 2024-ին ներկայացրել են իրենց պրոդուկտները։ Արդյունքում՝ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել ներդրողների հետ՝ հետագա համագործակցությունների վերաբերյալ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Plug and Play Germany GmbH» կազմակերպության միջև ծրագրի իրականացման պայմանագիրը կնքվել է 2024թ. օգոստոսի 15-ին: Մրցույթի համար նախատեսված բյուջեն կազմում է 336,000,000 (երեք հարյուր երեսունվեց միլիոն) ՀՀ դրամ: