Կառավարությունը հավանություն է տվել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներին։
Օրենքների փաթեթը, որով առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանել պետական աջակցության մի շարք ուղղություններ, այդ թվում՝ հարկային որոշ արտոնություններ, ՀՀ կառավարության հոկտեմբերի 24-ի նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարը նշել է, որ ներկայացված նախագծերով առաջարկվում է պետական աջակցության համապարփակ, մեծ փաթեթ առաջիկա 7 տարիների համար։
Հայրապետյանն ընդգծել է, որ 2021-2026թթ. ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը տնտեսության առանցքային ուղղություններից մեկն է, հետևաբար շատ կարևոր է ոլորտը զարգացնելու, գիտահետազոտական աշխատանքները, նորարարությունը, նոր պրոդուկտների ստեղծումը մեր երկրում խթանելու նպատակով օրենսդրական փաթեթ առաջարկել, որով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների շրջանակ կառաջարկվի տեխնոլոգիական ընկերություններին՝ ոլորտի զարգացման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։
«Առաջարկվող առաջին ուղղությամբ խթանում ենք նոր աշխատակիցների մուտքը տեխնոլոգիական ոլորտ։ Մինչև 30 հոգանոց ստարտափներին առաջարկվում է եկամտահարկի 100 տոկոս վերադարձ (խոշոր ընկերությունների դեպքում՝ 50%)՝ աշխատաշուկա նոր մուտք գործած աշխատակիցների մասով։ Սա նշանակում է, որ մենք խրախուսում ենք ընկերություններին ստեղծել նոր աշխատատեղեր։ Հիմնականում սա վերաբերում է բուհերի հետ համագործակցությանը, ինչպես նաև այն աշխատակիցներին, որոնք նախկինում երբեք տեխնոլոգիական ոլորտում ներգրավված չեն եղել»,֊նշել է նախարարը։
Նախարարի խոսքով՝ այս գործիքն առաջարկվում է ընկերություններին այն տրամաբանությամբ, որ առկա սահմանափակ մասնագիտական կապիտալը պետք է «ուղղորդվի» դեպի տնտեսության բարձր արտադրողական ու հեռանկարային երկարաժամկետ աճ ապահովող ուղղություններ։
Երկրորդ ուղղությունը վերաբերում է աշխատանքային միգրանտներին։ «Հատկապես վերջին տարիներին ականատես ենք լինում, թե ինչպես են տարբեր երկրներ փորձում իրենց ներքին օրենսդրությունները հարմարեցնել՝ ճկուն գործիքակազմեր առաջարկելով աշխատանքային միգրանտների համար՝ իրենց կողմ ներգրավելով մասնագիտական բարձր որակավորում ունեցող աշխատուժը։ Մենք մտադիր ենք եկամտահարկի 50 տոկոսի վերադարձ ապահովել այն ընկերություններին, որոնք Հայաստան կներգրավեն աշխատանքային միգրանտների՝ սրանով բարձրացնելով մասնագիտական կարողունակությունները մեր ներքին շուկայում՝ ապահովելով աշխատանքի նոր մշակույթ, ինչպես նաև տեխնոլոգիաների տրանսֆեր իրականացնելու դեպի Հայաստան»։
Նախագծի երրորդ ուղղությունը վերաբերում է տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով կատարված կրթական ծախսերի փոխհատուցմանը տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը: Իսկ 31 և ավել աշխատակից ունեցող ընկերությունների համար սահմանվում է եկամտահարկի 25 տոկոսի չափով վերադարձ։
Այս դեպքում մինչև 30 աշխատակից ունեցող փոքր կազմակերպությունների համար առաջարկվում է նաև փոխհատուցել կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված գործուղման ծախսերը, որի հատուցման համար ենթաօրենսդրական իրավական ակտով նախատեսվում է սահմանել վերին շեմ՝ 2 մլն դրամից ոչ ավելի:
«Հաջորդ ուղղությունը, որը ռազմավարական ծրագրերի տեսանկյունից, թերևս, ամենակարևորն է, դա գիտահետազոտական աշխատանքների խթանումն է։ Մենք այստեղ մի շարք առաջարկներ ունենք ընկերություններին. նախ մենք հայտարարում ենք, որ ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի, այլև, առհասարակ, տնտեսության բոլոր ուղղություններում գործունեություն ծավալող այն ընկերությունները, որոնք կանեն գիտահետազոտական աշխատանքներ, այնտեղ ներգրավված աշխատակիցների եկամտահարկը 20 տոկոսի փոխարեն կսահմանվի 10 տոկոս», - ասել է նախարարը։
Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ Հայաստանը ծառայություններ մատոցող պետությունից պետք է միջազգային շուկաներին պրոդուկտներ առաջարկող և մատակարարող երկիր դառնա։ Եվ այժմ Կառավարությունն առաջարկում է մի շարք գործիքներ այն ընկերությունների համար, որոնք մտադիր են նորարարություն բերել իրենց հետ և դրանց արդյունքում ստանալ նոր պրոդուկտներ, սրանով նպաստել բարձրարժեք արտադրողականության աճ գեներացնող ուղղությունների զարգացմանը։
«Բացի այդ, առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ նպատակ կա նաև շահութահարկի մասով ևս մի քանի առաջարկներ անել ընկերություններին՝ մասնավորապես մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը։
Նախագծով նաև առաջարկվում է հարկային տարվա ընթացքում մինչև 30 (ներառյալ) աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների ստացած նպատակային դրամական միջոցների շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտ ճանաչելու կանոնների վերանայում այն տրամաբանությամբ, որ այդ դրամական միջոցները եկամուտ ճանաչվեն ոչ թե այն հարկային տարվա ընթացքում, որում ստացվել են, այլ այն հարկային տարվա ընթացքում, որում այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ:
Նախարարը տեղեկացրել է, որ գործընթացի գրագետ և կանխատեսելի կազմակերպման համար նախատեսվում է նաև թվային հարթակ ստեղծել, որի գործարկելու վերջնաժամկետը 2025թ. հուլիսի 1-ն է։