Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած կոնֆերանսին
Նոյեմբերի 29-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) մեկնարկել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով կոնֆերանսը։
Մասնակիցներին ողջունել է ՀԱՀ նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանը, նշել, որ մեծ պատիվ է, որ կոնֆերանսն անցկացվում է ՀԱՀ-ում, քանի որ այն նպատակաուղղված է գիտության հանրայնացմանը, ինչն անչափ կարևոր է։
Այնուհետև տեղի է ունեցել «Հայաստանում գիտատեխնոլոգիական ներուժի զարգացում. որտեղից և ինչպես սկսել» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։
Բանախոսներն անդրադարձել են գիտության զարգացման ուղղությամբ պետության որդեգրած քաղաքականությանը, գիտական էկոհամակարգի զարգացմանը, տնտեսության տարբեր ճյուղերում գիտական արդյունքի կիրառման կարևորությանը և մի շարք այլ թեմաների։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկաներին տեղեկացրել է, որ հաջորդ տարի արդեն Հայաստանում սուպերհամակարգչային արհեստական բանականության կենտրոն կստեղծվի։ ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ սա ևս մեկ անգամ փաստում է ՀՀ կառավարության նպատակաուղղված գործունեության մասին:
«Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց։ Ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց, այլև հասարակական կյանքի, պետականության, անկախության ամրապնդման ուղղությամբ։ Այն պատկերացումները, որ ժողովուրդն ունի պետության, պատմության, հասարակական կյանքի մասին, դրանք ամբողջությամբ պարփակվում են գիտական առաջընթացում։ Նորարարությունը ստեղծում է հնարավորություններ մրցակցային առավելությունների հասնելու համար։ Եթե գիտական հիմք չունես, չես կարող առաջատար լինել, առանց դրա՝ հաջողությունը կարճաժամկետ կլինի»,- ասել է Հակոբ Արշակյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, նշել, որ քննարկվող թեմաներն անչափ կարևոր են մեր երկրի զարգացման համար։ Անդրադառնալով գիտության զարգացմանն ուղղված նախարարության գործունեությանը՝ Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ նախարարության կողմից իրականացվող գրեթե բոլոր ծրագրերը, թե՛ բարձր տեխնոլոգիաների, թե՛ ռազմարդյունաբերության ոլորտներում, գիտության բաղադրիչ են պարունակում։
«Ցանկացած ծրագիր, որ նախարարությունն իրականացնում է ինքնանպատակ չէ, այն պետք է միտված լինի գիտության և մեր բարձր տեխնոլոգիական համայնքի խնդիրների և կարիքների լուծմանը»,- ասել է նախարարը։ Անդրադառնալով ՏՏ ոլորտի աջակցության ծրագրերին՝ նախարարը նշել է, որ շատ տարբեր գնահատականներ են հնչում դրանց վերաբերյալ.
«Մի մասը կարծում է, որ այն պետք չէ, կարծիքներ են հնչում, որ տրված աջակցությունը բավարար չէ։ Ոլորտի ընկերություններից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները և մեկ աջակցության ծրագրով հնարավոր չէ բոլոր խնդիրները լուծել: Հիմա փորձում ենք նպատակային աջակցության ծրագրեր մշակել, որպեսզի հնարավոր լինի առանձին խնդիրներին թիրախային լուծումներ տալ»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է գիտության ոլորտի առաջնահերթություններին. «ՀՀ կառավարությունը հստակ ու չափելի թիրախներ է սահմանել՝ գիտության ֆինանսավորման, գիտության ոլորտի երիտասարդացման, սերնդափոխության, նոր գիտնականների ներգրավման, արդյունքների հաստատման և տեխնոլոգիական առաջընթացին նպաստելու առումով: Վերջին 3 տարիներին Կառավարությունը գիտության ոլորտում կատարել է էական ներդրումներ, և կարիք կա հասկանալու այդ ներդրումների արդյունավետության, միջանկյալ արդյունքների և դրանց չափելիության ցուցանիշները, որպեսզի մեր հաջորդ քայլերը լինեն առավել մտածված և արդյունքների տեսանկյունից՝ ավելի հաշվետվողական»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։
Արամ Փախչանյանն իր հերթին անդրադարձել է «Գիտուժ» նախաձեռնության դերին, գործունեությանն ու նպատակներին, գիտական ոլորտի խնդիրներին, ընդգծել, որ դրանք լուծելու ամենակարևոր ճանապարհը համակարգված գործունեությունն է։
Կոնֆերանսին ներկա էին գիտական, կրթական, տեխնոլոգիական համայնքի, պետական հատվածի ներկայացուցիչներ։
Կոնֆերանսի հիմնական նպատակն է քննարկել ուժեղ և մրցունակ գիտատեխնոլոգիական համակարգի ստեղծման հեռանկարները և առկա մարտահրավերները, փորձել ուրվագծել խնդրիների լուծմանը նպաստող գործիքակազմերը և մոտեցումները։