Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել գործարար միջավայրի՝ տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի ընկերությունների գործունեության բարելավմանն ուղղված օրինագծին

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանության է արժանացրել «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Առաջարկվող լրացումները, որոնցով ակնկալվում է կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված այն ֆինանսական և վարչարարական ծախսերը, որոնք առաջանում են արդեն իսկ փորձաքննություն անցած և երկակի կամ ռազմական նշանակություն չունեցող ապրանքների կրկնակի փորձաքննության անհրաժեշտության հետևանքով, հանձնաժողովի նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ադյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նշվել է, որ ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի և թույլտվության ստացում։ Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին, տնտեսվարողները պատվիրում են դրանց փորձաքննություն՝ նման գործունեության իրականացման համար հավատարմագրված կազմակերպություններում: Փորձաքննության միջոցով պարզվում է, թե արդյոք կոնկրետ ապրանքը ՀՀ կառավարության 2009թ․ N 1308-Ն կամ 2011թ․ N 1785-Ն որոշումներով սահմանված ցանկերում ընդգրկված ապրանք է թե ոչ։ Ընդ որում, փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի՝ մաքսային հայտարարագրումն իրականացնելու նպատակով, ինչը ենթադրում է ֆինանսական և վարչարարական ծախսեր։ 1 օրվա ընթացքում փորձաքննության իրականացման վճարը հավատարմագրված 2 ընկերությունները սահմանել են համապատասխանաբար 48000 և 60000 դրամ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ ներմուծվում և արտահանվում են նույն տեսակի ապրանքներ՝ ՀՀ ՊԵԿ-ն արդեն իսկ հրապարակում է երկակի կամ ռազմական նշանակության չհամարվող ապրանքների ցանկը, որոնք չեն հանդիսանում ռազմական կամ երկակի նշանակության ապրանքներ։ Նշված ցանկի հրապարակումը էականորեն նպաստում է խնդրո առարկա ապրանքների վերաբերյալ մաքսային ձևակերպումների հետ կապված վարչական և ֆինանսական բեռի կրճատմանը, սակայն օրենսդրորեն ամրագրված չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվում և ստացվում ցանկում ներառվող ապրանքները, ինչ պարբերականությամբ է ՊԵԿ-ը թարմացնում ցանկը և ինչ իրավական հետևանք է ունենում ցանկում ապրանքի ներառումը»,- մանրամասնել է Մխիթար Հայրապետյանը, հավելելով, որ նախագծի նպատակն արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար իրավական հիմքերի ստեղծումն է, ինչպես նաև լրացուցիչ վարչարարության և ֆինանսական ծախսերի կրճատումը, գործարար միջավայրի բարելավումը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար։

Նախագծով առաջարկվում է նաև, որ եթե հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում փոփոխություններ կատարվեն` նախքան փոփոխող իրավական ակտի ուժի մեջ մտնելը, Պետական եկամուտների կոմիտեն  կապահովվի ցանկից այն ապրանքները հանումը, որոնք ներառվել են հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում:

 

Նմանատիպ գրառումներ