Ռազմարդյունաբերության կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ դրական եզրակացության արժանացրեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը, որով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է նոր 4 կարգավորում, որոնք գալու են լուծելու մեկ հիմնական խնդիր՝ այն է իրավական և օրենսդրական դաշտում սահմանել նոր գործառույթներ Ռազմարդյունաբերության կոմիտեի համար:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 27-ի նիստում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը զեկուցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Օրենքի ընդունման պարագայում նախատեսվում է կոմիտեին տալ հնարավորություն մշակելու և ընդունելու 4 հիմնական կարգեր՝ մասնավորապես ռազմական ապրանքների և գույքի փորձանմուշների ֆինանսավորման, ռազմական կարիքների համար հատուկ ԳՀՓԿ աշխատանքների ձևավորման, համակարգման և կատարման կարգերի մշակման, ռազմական նշանակության ապրանքների, դրա լրամասերի, բաղադրիչների, փարձանմուշների, հատուկ ԳՀՓԿ աշխատանքների արդյունքների պետական փարձարկումների անցկացման և ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների արտադրության, ձեռքբերման և պահուստավորման կարգերը։
Նախարարը, նիստի ընթացքում անդրադառնալով ՌԱԿ-ի ծրագրային բյուջետավորման գործիքակազմի օրենսդրական դաշտի ապահովման անհրաժեշտությանը, որով նախատեսվում է 1․5 մլրդ ֆինանսավորում փորձանմուշների արտադրության համար, նշել է, որ այն հիմք կստեղծի իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման համար: Նախարարը հիմնավորել է այն փաստը, որ սեփական միջոցներով գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (R&D) աշխատանքների արդյունքում ստացված պրոտոտիպերը երբեմն բավարար չեն լինում պետական փորձարկումների համար և այն մասնավոր ընկերությունները, որոնք զբաղվում են այդ գործունեությամբ, հաճախ բախվում են մի շարք խնդիրների, քանի որ չկա որևէ երաշխիք, որ նրանց արտադրած պրոտոտիպերը գնալու են սերիական արտադրության կամ այդ ընկերությունների համար ապահովվելու է պետական պատվեր:
Հաջորդիվ անդրադառնալով ԳՀՓԿ աշխատանքներին՝ նախարարը նշել է, որ այս տարի այդ ուղղությամբ հատկացված 4․1 մլդր դրամ բյուջեն նախատեսվում է պահպանել նաև հաջորդ տարի, քանի որ հայեցակարգի տեսանկյունից ռազմարդյունաբերության զարգացման և զինված ուժերին տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու համար նորարարությունները և տեխնոլոգիական նոր գործիքակազմն առանցքային նշանակություն ունեն:
Նախագծի փոփոխության երրորդ ուղղությունը վերաբերում է ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ ԳՀՓԿ աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացմանը: Նախարարը կարևորել է նաև պետական փորձարկումների դաշտը կարգավորելու, բյուրոկրատական մի շարք խնդիրներ լուծելու և նորարարական ռազմական ստանդարտներով գործելու անհրաժեշտությունը:
Վերջին՝ 4-րդ կարգը վերաբերում է այս կամ այն իրավիճակներում, հատկապես որոշակի արտակարգ իրավիճակներում՝ լոգիստիկ խնդիրներով պայմանավորված, մասնավոր ընկերությունները ռազմական արտադրության համար նախատեսված տարատեսակ բաղադրիչների, հումքի և այլնի ձեռքբերման դժվարություններին։ Անհրաժեշտությունը կայանում է ոլորտը տարատեսակ արտակարգ ազդեցություններից ապահովագրելու համար։
Զեկույցի ավարտին նախարարը հանգամանալից պատասխանել է ԱԺ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Գեղամ Մանուկյանի և Վիլեն Գաբրիելյանի կողմից հնչեցված հարցերին: