Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «ՖաբԼաբ Հայաստան-Գյումրի» թվային արտադրության միջազգային լաբորատորիայի բացման արարողությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ապրիլի 18-ին մասնակցել է «ՖաբԼաբ Հայաստան-Գյումրի» թվային արտադրության միջազգային լաբորատորիայի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։

Միջոցառմանը ներկա են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի  ներկայացուցչության  գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր  Վարդան Ազատյանը, «ՖաբԼաբ Հայաստան» հիմնադրամի ղեկավար Ժակլին Կարաասլանյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը,  Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ ու հյուրեր:

Ողջունելով ներկաներին՝ Գևորգ Մանթաշյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին նախաձեռնության կյանքի կոչման համար՝ ընդգծելով, որ ԵՄ ֆինասավորմամբ և ՀԲԸՄ նախաձեռնությամբ՝ տարիների հետևողական աշխատանքի և ջանքերի արդյունքում «ՖաբԼաբ Հայաստան-Գյումրի»-ի բացումն այսօր արդեն իրականություն է։ Նա նշել է, որ նոր գործիքների և տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ ստեղծվում են հնարավորություններ՝ խթանելու ստեղծագործական ունակությունների զարգացումը և այդ ստեղծագործությունները ժամանակակից ձևով ներկայացնելու հնարավորությունը։

Մանթաշյանն ընդգծել է, որ ստեղծագործական արդյունաբերությունը ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթություններից է և ուրախությամբ նշել է, որ Գյումրու մեր հայրենակիցներն այժմ կարող են լիարժեք օգտվել այս ենթակառուցվածքներից՝ ստեղծելու, արարելու և նորարարական լուծումներ ներկայացնելու համար։

Բացման պաշտոնական արարողությունից հետո ներկաները շրջել են Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տարածքում գործող «ՖաբԼաբ Հայաստան-Գյումրի» արտադրական լաբորատորիաներում։ Շրջայցի նպատակն էր ծանոթացնել ժամանակակից թվային արտադրության տեխնոլոգիաներին և դրանց միջոցով ուսումնական համայնքի հզորացման հնարավորություններին՝ ստեղծելով նորարարության, կրթության և հայտնագործության համար անհրաժեշտ պայմաններ՝ գիտելիքի, գործիքների և ֆինանսական միջոցների հասանելիությամբ։

Այնուհետև կայացել է հանդիպում «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շահառուների հետ։ ՀԲԸՄ-ի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի ստեղծարար տնտեսության զարգացումը՝ հզորացնելով ոլորտի մասնագետների ձեռնարկատիրական հմտություններն ու մրցունակությունը, ինչպես նաև աջակցել անհատներին, կազմակերպություններին և ենթակառուցվածքներին՝ իրազեկման, վերապատրաստման և տեխնոլոգիական ու նյութական ներդրումների միջոցով։

Միջոցառման մասնակիցներն այցելել են նաև «Պոպոք» անիմացիոն ստուդիա, որտեղ ներկայացվել է ստուդիայի գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու աշխատանքները։ Այնուհետև ստուդիայի ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտին առնչվող հարցադրումներ, որոնց լուծման համար Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է կառուցողական և արդյունավետ լուծումներ։ Միջոցառման վերջին կանգառը Բրուտյանի անվան երաժշտական դպրոցն էր, որտեղ նրանք ներկա են գտնվել դպրոցի սաների մասնակցությամբ կազմակերպված համերգին։ 

Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ԿԳՄՍ, Էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջև 2022թ․ հուլիսի 12-ին ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր՝ ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտի զարգացման «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ։

Գյումրու «ՖաբԼաբ» նախաձեռնությունն իրականացվում է ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակներում՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է ներդնել կրթական ծրագրեր, ներգրավել միջազգային փորձագետներ, կիրառել թվային արտադրությունը՝ հատկապես ստեղծագործական ոլորտում՝ որպես արդյունավետ գործիք, և խթանել դրա կիրառումը Հայաստանում։

Նմանատիպ գրառումներ