Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հայաստանը պետք է ծառայություններ մատուցող երկրից վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի. Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում ներկայացրել է 2025թ. ԲՏԱՆ բյուջեի նախագիծը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ նոյեմբերի 13-ի լիագումար նիստում 2025թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը ներկայացրել է, թե ինչ ուղղություններով է ներդրվելու 2025թ. բյուջեով հատկացվող 47.5 մլրդ դրամը։    

«Մենք վերջին տարիներին շատ հաճախ հանրության հետ մեր երկխոսության ընթացքում խոսում ենք այն մասին, որ շատ կարևոր է, որ մեր պետությանը վերաբերվենք որպես մեր սեփական տան։ Տուն, որտեղ ապրում ենք բոլորս, որը մեր հպարտությունն է և որի մասին մենք պետք է հոգ տանենք, հետևաբար նկատած կլինեք, որ 2025թ. բյուջեի քննարկումները դեռևս հենց մեկնարկից նաև այս համատեքստում էին ներկայացվում, որ պետական բյուջեն նաև մեր սեփական  տների յուրաքանչյուրիս բյուջեն է, որը պետք է գրագետ, ճիշտ կառավարենք, հաշվարկենք բոլոր ռիսկերը և ճիշտ ներդրումներ կատարենք»,- որպես նախաբան ասել է Մխիթար Հայրապետյանը, այնուհետև մանրամասնել, թե այս տրամաբանության մեջ  ինչպես է ծախսվելու, ինչպես է ներդրվելու և ինչ  խնդիր է լուծելու 2025թ. հատկացված 47.5 մլրդ դրամը։

«Մեր կարծիքով, մենք պետք է դառնանք ժամանակակից ինժեներական մի թիմ, որը «տան» հիմքերը պետք է դարձնի առավել ամուր, որովհետև գիտի, որ ժամանակակից շինարարության մեջ ևս շինարարները նորարարական  նյութեր և մեթոդներ են կիրառում։ Կենցաղային պայմանները պետք է լինեն թվային ու ավտոմատացված, հեռահաղորդակցման միջոցները՝ հասանելի և գերարագ, դռների, պատուհանների անվտանգությունը՝ ապահով, ցանկապատինը՝ պաշտպանված, հետևաբար ո՞րն է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ կառավարության առաքելությունն անչափ կարևոր այս գործում»,- նշել է նախարարը՝ անդրադառնալով յուրաքանչյուր ոլորտին և ուղղությանն առանձին։

Կապի և հեռահաղորդակցության նոր համակարգերը, որոնք առկա են յուրաքանչյուրիս տանը, որտեղ բնակիչների միջև կապն ապահովում է սենյակները միացնող հաղորդակցման համակարգը՝ լինի դա ինտերնետը, հեռախոսային ցանցը կամ անվտանգ հաղորդակցության այլ միջոցները, ժամանակակից տեխնոլոգիաներում նաև արբանյակային ինտերնետը և այլ տեխնոլոգիաները՝  այստեղ ԲՏԱ նախարարությունը 548 մլն դրամ է հատկացնելու։

 Տան համար ապահովություն և պաշտպանություն ունենալու համար,ինչպես յուրաքանչյուր տանն անհրաժեշտ են անվտանգության միջոցներ՝ դռներ, փականներ, տեսախցիկներ կամ հակահրդեհային համակարգեր, պետությանը ևս անհրաժեշտ է կիբեռանվտանգություն և տեղեկությունների պատշաճ պաշտպանություն։

«Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ ՀՀ կառավարությունը թվային փոխակերպման իր քաղաքականության շրջանակում նախատեսել է 7.1 մլրդ դրամի բյուջե, որը գալիս է մի կողմից իրականացնելու թվային փոխակերպման մեր քաղաքականությունը, բայց մյուս կողմից՝ 2025-ին ներդնելով նոր ռեսուրսներ և ջանքեր կիբեռանվտանգային միջավայրը պատշաճ կերպով ապահովելու։ Եվ այս իմաստով առանձնահատուկ կարևորություն ունի նաև Կիբեռանվտանգության մասին նոր օրենսդրությունը, որը տարեսկզբին կներկայացվի ԱԺ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ 7.1 մլրդ դրամ կուղղվի թվայնացման,  կիբեռանվտանգության և տեղեկատվական պաշտպանության համակարգերի բարելավմանը։

«Մենք մի կողմից խոսում ենք «տան» հարմարավետության մասին, բայց մյուս կողմից շատ կարևոր է արձանագրել այնտեղ ապրող մարդկանց բարեկեցության, ապահովության  և երջանկության մասին, որի մասին վերջին տարիներին անդադար խոսում ենք։  Այս համատեքստում կարևոր է նշել  աշխատանքային նոր հնարավորությունների մասին, որոնք ինչ-որ իմաստով մասնակի կարող եք գտնել ԲՏԱ նախարարության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրով նախատեսված 32 մլրդանոց բյուջեի փաթեթում»,- ընդգծել է նախարարը՝ կարևորելով  «Խելացի տուն» կառուցելու այն միտումը, որտեղ  կենցաղային պայմանները կլինեն ավտոմատացված, որտեղ կլինեն նորարար լուծումներ։

Մխիթար Հայրապետյանը շեշտել է՝ եթե ուզում ենք լինել թվայնացած, եթե ուզում ենք ունենալ կիբեռանվտանգային պաշտպանված, ամուր համակարգեր, եթե ուզում ենք իրապես ունենալ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, ունենալ նորարար ինովացիոն կրթություն, առողջապահություն, ապա այս ամենն այլևս ժամանակակից աշխարհում հնարավոր չէ պատկերացնել առանց տեխնոլոգիական ինովացիոն լուծումների, հետևաբար ՀՀ կառավարության կողմից այստեղ շուրջ 32 մլրդ դրամի  ներդրումները  նախևառաջ ապահովելու են համապատասխան աշխատատեղեր, բարձրացնելու մասնագիտական կարողություններ այդ «տան» բնակիչների համար, ստեղծելու նորանոր հնարավորություններ:

«Որպեսզի «տունը» լինի արդիական, հարմարավետ և գեղեցիկ, պետք է մշտապես ներդնել նոր գաղափարներ ու տեխնոլոգիաներ։ Պետության մեջ նորարարությունը կարևոր է տնտեսության թռիչքաձև զարգացման համար, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում կյանքի որակը բարձրացնելու և քաղաքացիներին նոր հնարավորություններ տալու համար։ Մենք հավատացած ենք, որ Հայաստանը շատ շուտով պետք է ծառայություններ մատուցող երկրից վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի, և այն պետք է լինի մեր միջազգային բրենդը, միջազգային ներկայացվածությունը տեխնոլոգիական աշխարհում։ Մենք հավատում ենք, որ հիմնարար հետազոտությունները, գաղափարներն ու երազանքները, որ գիտնականները, գիտահետազոտական խմբերն ունեն, հենց Հայաստանի ներսում  պետք է հետազոտվեն, դառնան փորձանմուշներ, գնան դեպի սերիական արտադրության և արտահանվեն մեր երկրից, որովհետև  հենց այս ոլորտում է, որ մենք գալիս ենք նաև խրախուսելու բարձր արժեք ունեցող և բարձրարժեք արտադրողականության աճ գեներացնող այդ ուղղությունները։  

Այստեղ շատ կարևոր է, որ նոր օրենսդրությամբ 2025-ից նախատեսում ենք բոլոր աշխատակիցներին, որոնք ներկայացված կլինեն գիտահետազոտական և փորձարարական  մշակումների ոլորտում, 20 տոկոս եկամտահարկի շեմը սահմանել 10 տոկոս, ինչպես նաև մի շարք այլ գործիքակազմ ենք առաջարկում R&D  աշխատանքներում ներկայացված աշխատակիցների համար»,- ընդգծել է Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը խոսել է նաև պետության ծառայությունները «խելացի», այսինքն՝ թափանցիկ, արագ և պարզ դարձնելու անհրաժեշտության մասին, նշել, որ թվայնացված ծառայություններն ու «խելացի» համակարգերը հեշտացնում են բնակիչների կյանքը՝ թույլ տալով նրանց, օրինակ, առցանց ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը, օգտվել տարատեսակ հանրային ծառայություններից։

Եզրափակելով խոսքը՝ նախարարը նշել  է, որ ոչ պակաս կարևոր է նաև «տան» ցանկապատի պաշտպանությունը և հավելել, որ ռազմարդյունաբերության մասով 2025թ. բյուջեով նախատեսված է 5.7 մլրդ դրամ։ 

Նմանատիպ գրառումներ