Գևորգ Մանթաշյանը մասնակցել է WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած «Կիրառելով Արհեստական բանականության ստեղծագործ և հաղորդակցային ուժը» քննարկմանը
Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի` WCIT 2024-ի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Կիրառելով Արհեստական բանականության ստեղծագործ և հաղորդակցային ուժը» (Enabling the Creative and Communicative Power of AI) թեմայով պանելային քննարկմանը։
Քննարկմանը մասնակցել են նաև Ուգանդայի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարի տեղակալ Կոսմոս Մվիկիրեձեն և Ռուանդայի ՏՀՏ և նորարարության նախարարության մշտական քարտուղար Իվես Իրադուտունդան։ Քննարկումը վարել է Րաֆֆի Քասարջյանը։
Բանախոսները ներկայացրել են իրենց փորձն այս ոլորտում՝ բերելով գործնական օրինակներ յուրաքանչյուրն իր երկրում արհեստական բանականության (ԱԲ) ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև ԱԲ միջոցով տնտեսության տարբեր ճյուղերում գրանցած հաջողություններին, ինչպես նաև մարտահրավերներին, դրանց կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին ու առաջնահերթություններին։
Գևորգ Մանթաշյանը նշել է, որ Հայաստանը՝ արհեստական բանականության (ԱԲ) զարգացման աճով, դիրքավորվել է որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։ Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է Հայաստանի նորարարական ԱԲ նախագծերից մի քանիսը, որոնք խթանում են ստեղծարարությանը, արդյունաբերության տարբեր ոլորտներում հաղորդակցության բարելավմանը, խոսել այն մասին, թե ինչպես է ՀՀ կառավարությունն աջակցում այս նախաձեռնություններին։
Ուգանդայի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարի տեղակալ Կոսմոս Մվիկիրեձեն իր հերթին նշել է, որ Ուգանդան կենտրոնացած է ԱԲ-ի ինտեգրման վրա՝ հանրային ծառայությունների և կրթության ոլորտներում, և ինչպես է ԱԲ-ն օգնում խթանելու ստեղծագործ ունակությունները։
Ռուանդայի ՏՀՏ և նորարարության նախարարության մշտական քարտուղար Իվես Իրադուտունդան էլ ասել է, որ Ռուանդան՝ հատկապես պետական հատվածում, հեռանկարային մոտեցումներ ունի տեխնոլոգիաների և նորարարությունների նկատմամբ։
Քննարկման ավարտին՝ մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների կառավարությունների կողմից ԱԲ ուղղությամբ նախատեսվող առաջնահերթությունները։
«Կիրառելով Արհեստական բանականության ստեղծագործ և հաղորդակցային ուժը» թեմայով քննարկումը նպատակ ուներ մեկ հարթակում համախմբելու ոլորտային բարձրաստիճան պաշտոնյաներին՝ խոսելու այն մասին, թե ինչպես ԱԲ-ն կարող է խթանել ստեղծագործականությունը, բարելավել հաղորդակցությունը հանրության մեջ՝ կենտրոնանալով ազգային ռազմավարությունների և քաղաքականության վրա։