Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Բովանդակություն

RazmBanner1 768x419 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն նախարարությանը ենթակա մարմին է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա: 

Կոմիտեի հիմնական նպատակներն ու խնդիրներն են․ 

  • հայրենական մրցունակ ռազմական արդյունաբերության ստեղծումը և զարգացումը,
  • զինված ուժերի և այլ զորեքրի զորահավաքային պահանջմունքների բավարարումը,
  • ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման խթանման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը,
  • ռազմատեխնիկական քաղաքականության իրագործումը, ռազմարդյունաբերության կայուն և նորարարական զարգացումը,
  • զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի և դրանց առանձին հանգույցների ու սարքավորումների վերականգնման և արդիականացման աշխատանքների, ինչպես նաև նոր նմուշների մշակման ու արտադրության կազմակերպումը,
  • ռազմարդյունաբերական համալիրում ռազմական պատվերի կատարման որակի հսկման ապահովումը,
  • ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների միջոցով զինված ուժերի և այլ պատվիրատուների պատվերների կատարման ապահովումը,
  • մասնակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության գործընթացներին,
  • ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող գիտական և գիտատեխնիկական մշակումների կազմակերպումը,
  • ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրումը,
  • ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորումը, հաստատումը և տեղադրումը,
  • ռազմական կարիքների համար պետական պատվերի բնագավառում մենաշնորհից պաշտպանվածության ապահովումը,
  • ռազմավարական հումքի, նյութերի և էլեկտրոնային դետալների պետական պահուստի ստեղծումը,
  • ռազմարդյունաբերական գործունեության տարբեր ոլորտների ներդաշնակ զարգացումը,
  • ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական կառավարման ապահովումը: 

Կոմիտեն մշտապես աջակցում է ցուցաբերում նոր ձևավորվող ընկերություններին, մասնակցում է մարտական զենքի արտադրության համար լիցենզիա տրամադրող լիազոր մարմնի աշխատանքներին և տրամադրվող լիցենզիայի պայմանների նկատմամբ հսկողության իրականացմանը:

Կոմիտեն մշտապես նպաստում է պետություն-մասնավոր ներդրող համագործակցությանը, ձեռնարկում է քայլեր ռազմարդյունաբերության ոլորտ մասնավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

Հայրենական մրցունակ ռազմական արդյունաբերության ստեղծումը և զարգացումը Ռազմարդյունաբերության կոմիտեի գլխավոր նպատակներից է, ուստի մեծ տեղ է հատկացվում նոր գաղափարների կյանքի կոչմանը, արդիական արտադրատեսակների և տեխնոլոգիաների մշակման գործընթացներին:

Նորարար գաղափարների իրագործման ուղիներից մեկն է հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) ֆինանսավորումը:

Կատարվող հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների հիմնական ուղղություններն են․

  •  ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր,
  • կապի և տվյալների գաղտնագրման և փոխանցման համակարգեր,
  • արհեստական բանականությամբ համալրված անօդաչու թռչող սարքեր, ռոբոտացված համակարգեր,
  • հակաօդային պաշտպանություն,
  • օպտիկաէլեկտրոնային, լազերային և ջերմատեսիլ սարքեր,
  • դիտարկման և պարագծի հսկման համակարգեր,
  • 21-րդ դարի զինվորի հանդերձանք, անձնական պաշտպանության միջոցներ, բազմասպեկտրալ քողարկիչ ցանցեր,
  • նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված զինատեսակներ,
  • ԱԹՍ֊ների, հրթիռների և ռումբերի կառավարման համակարգեր,
  • հրթիռային կարծր վառելիքներ, բարձր էներգետիկ պայթուցիկ նյութեր: 

Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մրցույթին մասնակցելու համար ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են ԲՏԱ նախարարության կայքից ներբեռնել համապատասխան հայտի ձևը (Հավելված 1), պատշաճ լրացնել այն և առձեռն ներկայացնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ 1-ին հարկ №1 պատուհան (հասցեն՝ ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3): Հայտերն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ, ժ․ 11.00-13.00:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված հայտերն ամփոփվում է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հեռանկարային գերակայություններից և առաջնահերթություններից:

Հայտի քննարկման արդյունքի վերաբերյալ հայտատուն ծանուցվում է 3 ամսվա ընթացքում: Հետագա գործընթացը ուղղորդվում է Կոմիտեի կողմից:

Հարցերի դեպքում կարող եք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին: