Մեդիա բրանչ՝ Silicon Mountains 2025 գագաթնաժողովի նոր ձևաչափի ներկայացման նպատակով
- Հրապարակվել է՝ 07/10/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

Հոկտեմբերի 6-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է Silicon Mountains 2025 գագաթնաժողովի նոր ձևաչափի և խոսնակների ներկայացմանը նվիրված Մեդիա բրանչին։
Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտում նման միջոցառումների կազմակերպումը կարևոր նշանակություն ունի երկրի զարգացման ռազմավարության տեսանկյունից։
«Silicon Mountains-ի նման հարթակները հնարավորություն են տալիս համախմբելու ոլորտի առաջատար մասնագետներին, նորարարներին, քաղաքականություն մշակողներին և բիզնես առաջնորդներին՝ քննարկելու այն հարցերը, որոնք ձևավորում են մեր ապագան։ Այս միջոցառումները նպաստում են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ կապիտալիզացնելով գիտելիքը, փորձը և մարդկային ռեսուրսը։ Մենք պետք է շարունակաբար ձևավորենք միջավայր, որտեղ երիտասարդ ինժեներները, հետազոտողները և ձեռներեցները կարող են զարգանալ, համագործակցել և իրենց գաղափարները վերածել գլոբալ լուծումների»,- նշել է Սիմոնյանը։
ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանն, իր հերթին, նշել է, որ Silicon Mountains գագաթնաժողովն արդեն իններորդ տարին է, ինչ մեկ հարթակում համախմբում է Հայաստանի և միջազգային փորձագետներին՝ գիտելիքների ու նորարարական փորձի փոխանակման նպատակով։ Նա ընդգծել է, որ այս տարի որոշվել է փոփոխել միջոցառման ձևաչափն՝ այն դարձնելով ավելի ինտերակտիվ և հետաքրքիր։ Մուսայելյանի խոսքով՝ ՏՀՏ ոլորտի տարբեր ճյուղերը ներկայացնող խոսնակները կփորձեն բացահայտել արհեստական բանականության խորքային կառուցվածքն, իսկ համաշխարհային առաջատար մասնագետների Հայաստան գալը կնպաստի երկխոսության, համագործակցությունների ու նորարարության ամրապնդմանը՝ միջազգային մակարդակում։
Մեդիա բրանչը նախապատրաստական միջոցառում էր հոկտեմբերի 14-ին կայանալիք Silicon Mountains 2025 գագաթնաժողովի շրջանակներում, որն այս տարի անցկացվելու է «Արհեստական բանականության անատոմիա» խորագրով։
Գագաթնաժողովը նպատակ ունի բացահայտել արհեստական բանականության խորքային կառուցվածքը՝ ներկայացնելով մտածող ալգորիթմները, նեյրոնային ցանցերը, տվյալների հոսքերը և մարդկային փորձառության դերը տեխնոլոգիական առաջընթացում։