«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը պետություն-մասնավոր համագործակցության ցայտուն օրինակներից է. նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ողջունել է ներկաներին
- Հրապարակվել է՝ 25/07/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 24-ին մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում տեղի ունեցած Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) համայնքի ամենամսյա հանդիպում-հավաքին՝ «միթափ»-ին։
Հանդես գալով բացման խոսքով՝ Ռուբեն Սիմոնյանը կարևորել է պետություն-մասնավոր համագործակցությունը, որի ցայտուն օրինակներից մեկն է հանդիսանում «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը։
Նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությանը, այդ ուղղությամբ իրականացվող նպատակային ծրագրերին, որոնց թվում է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը։ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է նաև, որ նման միջոցառումների անցկացումը նպաստում են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը` Հայաստանը որպես տեխնոլոգիական կենտրոն դիրքավորելով տարածաշրջանում։
Մասնակիցներին ողջունել են նաև ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, այլք։
ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ հուլիսի 20-26-ն անցկացվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը ևս մեկ քայլ է, ուղղված հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, նրանց ներուժը մեր երկրի տնտեսության առաջընթացին ուղղելուն։