Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԱԲ խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 1-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ։ 

Ալեքսանդր Եսայանը ներկայացրել է Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծի արդեն իսկ կատարված աշխատանքները և քննարկվել են իրականացման ճանապարհին առաջացած ռազմավարական և տեխնիկական հրատապ խնդիրները: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել վերջնական վայրի օպտիմալ ընտրության, այդ վայրի ենթակառուցվածքների և էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման ապահովմանն ուղղված ընթացիկ հարցերին։

Քննարկման ընթացքում նախարար Հայրապետյանը կարևորել է ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների համակարգված իրականացումը՝ ընդգծելով խոշոր տվյալային կենտրոնի նշանակալի դերը՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում:

Նշենք, որ այս ծրագրով նախատեսվում է շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, հազարավոր NVIDIA Blackwell GPU-ների տեղակայում և ավելի քան 100 մեգավատ հզորությամբ ենթակառուցվածքի ձևավորում։

Ամփոփելով քննարկումը՝ կողմերը գտել են լուծումներ, ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ հետագա քայլերի պլանավորման և նախագծի բարեհաջող իրականացման ուղղությամբ։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչ  Վահագն Մուղնեցյանը։

Նմանատիպ գրառումներ