Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱՆ քայլեր է ձեռնարկում ստարտափների զարգացման ուղղությամբ. տրվել է Ինկուբացիոն ծրագրի դասընթացների պաշտոնական մեկնարկը

Օգոստոսի 19-ին՝ «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, տրվել է Ինկուբացիոն ծրագրի դասընթացների պաշտոնական մեկնարկը։

Ծրագրի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա ընդգծել է, որ ԲՏԱ նախարարությունը, կարևորելով հայաստանյան ստարտափ էկոհամակարգի զարգացմանը միտված ծրագրերի ու միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը, քայլեր է ձեռնարկում բարենպաստ միջավայր ստեղծելու, համապատասխան կարողություններ և մասնագիտական հմտություններ ձևավորելու ուղղությամբ։  «Այս ծրագիրը լավագույն օրինակներից մեկն է, երբ ստարտափների հեղինակները ներկայացնում են իրենց գաղափարները, և լավագույնները՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար ստանում են դրամաշնորհներ, միևնույն ժամանակ՝ նաև նոր գիտելիքներ և հմտություններ»,- նշել է Հայկ Ենգիբարյանը։

Ներկաներին ողջունել և հաջողություն են մաղթել նաև ծրագիրն իրականացող «ԱՍ Թիմ» ընկերության տնօրեն Արմեն Սարգսյանը, դասախոսներ՝ բիզնեսի և ռազմավարական հաղորդակցության մասնագետ Սերգեյ Թանթուշյանը, հաղորդակցության և բիզնեսի ռազմավարության մասնագետ Արտակ Օրդյանը։

Ինկուբացիոն դասընթացներին այս տարի մասնակցում են մրցույթի առաջին փուլը հաղթահարած 53 ստարտափների ներկայացուցիչներ։

Ծրագրով նախատեսվում է նոր գիտելիքներ և կարողություններ փոխանցել սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ գաղափարների առևտրայնացման, պրոդուկտի մշակման և բիզնեսի առևտրայնացման համար։

Նմանատիպ գրառումներ