Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը կարևորել է «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովի անցկացումը

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը մայիսի 6-ին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ նախաձեռնությամբ մայիսի 6-7-ն անցկացվող «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովին, որին հրավիրված են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներ:

Գևորգ Մելիքսեթյանն, ողջունելով համաժողովի մասնակիցներին, պետական և կարգավորող մարմինների, ռադիոընկերությունների ներկայացուցիչներին, իր խոսքում մասնավորապես կարևորել է համաժողովի անցկացումը՝ նշելով, որ դինամիկ, արագ փոփոխվող աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները զարգանում են մեծ արագությամբ, համաժողովն հիմքեր է ստեղծում փոխելու Հայաստանի Հանրապետության ռադիոհեռարձակման ապագան՝ այն հաստատուն կերպով մղելով դեպի թվային աշխարհ։ Նախարարի տեղակալն, անդրադառնալով նաև համաժողովին մասնակից միջազգային WorldDAB ֆորումի փորձագետներին, համոզմունք է հայտնել, որ վերջիններիս փորձն ու գիտելիքները կնպաստեն Հայաստանում ռադիոյի  թվային հեռարձակման   անցման առավել արդյունավետ իրականացմանը։ 

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Նարեկ Ադամյանն իր հերթին հանդես գալով ողջույնի խոսքով՝ ներկայացրել է Հայաստանում ռադիոյի ներկա իրավիճակը, առկա խնդիրներն ու  զարգացման տեսլականը, ընդգծելով, որ թվային ռադիոն մի հարթակ է, որն ավելի լայն հնարավորություններ է ընձեռելու հասարակության համար՝ անվտանգային համակարգից մինչև իրազեկման և որակի հետ կապված ֆունկցիաներ:

Համաժողովին բանախոսների թվում զեկույցներով են հանդես եկել WorldDAB կազմակերպության հաղորդակցության մենեջեր Ուիլյամ Ջեքսոնը և WorldDAB-ի Տեխնիկական կոմիտեի նախագահ և BBC-ի Թվային համակարգերի գլխավոր ճարտարապետ Լինդսի Քորնելը՝ համապատասխանաբար DAB+թվային ռադիոյի ներկայացում և DAB+տեխնիկական ստանդարտներ թեմաներով:

Թվային ռադիոն ռադիոհաղորդումների հեռարձակման ժամանակակից ձևաչափ է, որը նախատեսված է բարձր որակով և կայունությամբ ձայնային բովանդակություն մատուցելու համար։ Ի տարբերություն անալոգային (FM/AM) ռադիոյի՝ թվային ռադիոն ապահովում է հստակ և աղմուկից զերծ ձայն, միաժամանակ առաջարկելով տեխնոլոգիական նոր հնարավորություններ։

Թվային ռադիոհեռարձակման ամենատարածված և արդյունավետ ստանդարտներից է DAB+ (Digital Audio Broadcasting Plus) համակարգը, որն ունի մի շարք առավելություններ:

Նմանատիպ գրառումներ