Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մխիթար Հայրապետյանը ԵՊՀ շրջանավարտների ֆորումին կարևորել է համալսարանական կրթության դերը տնտեսության զարգացման բոլոր ուղղություններում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է մայիսի 15-16-ը Երևանի պետական համալսարանում առաջին անգամ իրականացվող ԵՊՀ շրջանավարտների ֆորումի բացման արարողությանը, որը  մեկնարկել է «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» թեմայով պանելային քննարկումով:

Նախարար Հայրապետյանը, խոսելով ԵՊՀ, արդյունաբերություն, համալսարանական կրթություն և տնտեսություն կապի մասին, համոզմունք է հայտնել, որ համալսարանական կրթությունը, որպես մարդկային կապիտալ մշակող, բարձրագույն կրթական մակարդակում պետք է լինի առաջատար՝ որակյալ կադրեր պատրաստելու և տնտեսությանը մատակարարելու իմաստով: Այդ համատեքստում Հայրապետյանն, անդրադառնալով նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացմանը, նշել է, որ ենթակառուցվածքներից, ժամանակակից սարքավորումներից զատ՝ առանցքային նշանակություն ունի արդյունաբերության տարբեր ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը, և Երևանի պետական համալսարանն իր պատմական առաքելությամբ հանձնառություն ունի այդ կարևոր գործում:

Մխիթար Հայրապետյանն իր խոսքում կարևորել է նաև համալսարանի գործունեության կարևոր բաղադրիչի՝ գիտահետազոտական աշխատանքների դերի ուժեղացումը, որն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի արդյունաբերության զարգացման գործում:

ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումի «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» թեմայով պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ֆորումի նպատակն է ստեղծել համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակ, որի միջոցով ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին:

Ֆորումի շրջանակում կանցկացվեն պանելային քննարկումներ, բանախոսություններ՝ նվիրված համալսարանի և համալսարանական համայնքի անելիքներին և առաջնահերթություններին այսօրվա Հայաստանում, ինչպես նաև կստեղծվի ոչ ֆորմալ պայմաններում միմյանց հետ շփվելու հնարավորություն և ֆորումի մասնակիցների ձևակերպած խնդիրները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները հիմք կծառայեն շրջանավարտների համայնքի հետագա գործունեության կազմակերպման համար։

Նմանատիպ գրառումներ