Նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում ներկայացրել է ԲՏԱՆ 2024թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը

ԱԺ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 9-ի համատեղ նիստում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը:
Նախարար Հայրապետյանը նշել է, որ 2024 թվականի ՀՀ պետական բյուջեով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացվել է 18.4 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 18.2 մլրդ դրամ, իսկ կատարողականը՝ 14.2 մլրդ դրամ կամ 77.1 տոկոս։ Նախարարը նշել է, որ համեմատաբար ցածր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է թվայնացման բյուջեի ցածր կատարողականով։ 2023թ. համեմատ՝ նախարարության կողմից իրականացվող ծախսերը նվազել են 26%-ով կամ 5.7 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով։ Իր խոսքում նախարար Հայրապետյանը անդրադարձել է այդ գործոններին՝ ըստ առանձին ծրագրերի և միջոցառումների կատարողականների։
2024թ. ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին իրականացվել են հետևյալ ծրագրերն ու միջոցառումները․
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրով 2024թ. հատկացվել է 5.0 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշգրտված բյուջեն կազմել է 11.6 մլրդ դրամ, իսկ կատարողականը՝ 9.8 մլրդ դրամ կամ ճշգրտված բյուջեի նկատմամբ՝ 85.6 %։ Նախարարի խոսքով՝ սա պայմանավորված է նրանով, որ 2023թ. հաստատվել է 2024թ. բյուջեն, որը չի ներառել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների պետական աջակցության այն ծրագիրը, որը հաստատվել է 2023թ. դեկտեմբերի վերջին։ Սա ենթադրում էր, որ 2024թ. տվյալ ծրագիրը պետք է իրականացվեր պահուստային ֆոնդից կամ այլ միջոցներից վերաբաշխման տարբերակով։
2023 թվականի համեմատ՝ տվյալ ծրագրի ծախսերն ընթացիկ տարում նվազել են 39.8 տոկոսով կամ 6.8 մլրդ դրամով։ Նվազումը պայմանավորված է նրանով, որ նախորդ տարում իրականացվել են երկու հիմնական պետական աջակցության ծրագրեր, մինչդեռ 2024 թվականին շարունակվել է դրանցից միայն մեկը։ Վերջինս վերաբերում է այն ծրագրին, որով պետական աջակցություն է տրամադրվում տեխնոլոգիական ընկերություններին՝ աշխատանքային միգրանտների ներգրավման դիմաց։
Ծրագրի շրջանակում իրականացվել են նաև ոլորտային մի շարք միջոցառումներ․
«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար 2024 թվականին հատկացվել է 613.0 մլն դրամ։ Ճշգրտված բյուջեն կազմել է 283.0 մլն դրամ, իսկ կատարողականը՝ 245.2 մլն դրամ կամ 86.7 տոկոս։ Միջոցառումն իրականացվել է ամբողջությամբ, իսկ տնտեսումներն ապահովվել են արդյունավետության բարձրացման արդյունքում։ Նախարարի խոսքով՝ 2023 թվականին այս միջոցառման համար ծախսվել է 89.4 մլն դրամ՝ երեք անգամ պակաս։
«Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակում, 30.0 մլն դրամի սահմաններում, կազմակերպվել են տեխնոլոգիական դասընթացներ ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 9 համայնքներում։ Նախատեսված էր 300 մասնակցի ընդգրկում, սակայն մասնակցել է շուրջ 400 անձ։ Կատարողականը կազմել է 29.0 մլն դրամ։
«Կարողությունների զարգացում» բաղադրիչի շրջանակում տրամադրվել են դրամաշնորհներ՝ ոլորտային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման նպատակով։ Դասընթացներին մասնակցել է 23 կազմակերպության շուրջ 275 աշխատակից։ Դասընթացները իրականացվել են 5 ուսումնական կենտրոններում՝ այդ թվում Օքսֆորդի համալսարանում, Sunny School-ում, Armenian Code Academy-ում, «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնում և Business Development Group-ում։ Դասընթացները ընդգրկել են ավելի քան 25 ուղղություն։ Ծրագրի համար նախատեսված է եղել 120.0 մլն դրամ, որից վճարվել է 99.8 մլն դրամ։
«Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի ներքո 2024 թ. դեկտեմբերի 19-22-ը կազմակերպվել է տեխնոլոգիական հաքաթոն, որին մասնակցել են ՀՀ 11 ԲՈՒՀ-երի 110 ուսանողներ՝ ներկայացնելով տեխնոլոգիական հիմնախնդիրների լուծման նորարարական գաղափարներ։
Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի «ՏՏ դասընթացների կազմակերպում» բաղադրիչի շրջանակում ծախսվել է 13.0 մլն դրամ։ Վերապատրաստման մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 873։
2023թ. նոյեմբերի 23-ին կնքված պայմանագրերի հիման վրա, 2024թ. ընթացքում իրականացվել են վերապատրաստման դասընթացներ 3 ուսումնական կենտրոնների կողմից։ Դասընթացներին մասնակցել է շուրջ 849 անձ, որոնցից 530-ը ձեռք է բերել նոր աշխատանք կամ ունեցել է կարիերային առաջընթաց։ Միջոցառման համար նախատեսված էր 80.0 մլն դրամ, ծախսվել է 71.6 մլն դրամ։
Ամփոփելով ծրագիրը՝ նախարարն արձանագրել է, որ 2024 թվականին «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում սովորել և վերապատրաստվել է ընդհանուր առմամբ 2,397 անձ։
«Շուկաների զարգացում և միջազգային համագործակցություն» միջոցառման համար հատկացված 340.0 մլն դրամի դիմաց կատարողականը կազմել է 336.7 մլն դրամ կամ 99 տոկոս։ Նշված գումարի սահմաններում նախարարության նախաձեռնությամբ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ապահովվել է մասնակցություն 5 ցուցահանդեսի և 3 համաժողովի, տրվել են կանխավճարներ նաև 2025թ․ ցուցահանդեսների համար։ Արդյունքում՝ ձեռք է բերվել 81 համագործակցություն, որից 22-ը՝ պայմանագիր, 20-ը՝ հուշագիր և համաձայնագիր, 39-ը՝ համագործակցության այլ ձևեր։
2024թ․ ընթացքում կնքված պայմանագրերի հաշվին մասնակից կազմակերպությունները գեներացրել են տարեկան շուրջ 248.2 մլն դրամ հասույթ։
Ձեռնարկատերության տեխնոլոգիական էկոհամակարգ միջոցառման գծով 2024-ին հատկացվել է 677.5 մլն դրամ, իսկ փաստացի կատարողականը կազմել է 636.8 մլն դրամ կամ 94.0 տոկոս։ Երեք ուղղությամբ իրականացվող միջազգային աքսելերատորային ծրագրի շրջանակում Հայաստանում ներգրավվել է «Plug and Play» միջազգային աքսելերատորը, որը աշխարհի թոփ հնգյակում է։ Ծրագրի շրջանակում 186 մլն դրամ ծախսվել է «Գաղափարից մինչև բիզնես», ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի վրա, 235 մլն դրամ՝ ընդհանուր ինկուբացիա և աքսելերացիա, իսկ 215 մլն դրամ՝ «Ներուժ 4.0» և «Ներուժ 5.0» ծրագրերի շրջանակում։
«Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակում բյուջեն կազմել է 55 մլն դրամ։ Ընկերություններից 7-ն արդեն հաջողությամբ ավարտել են պայմանագրերով նախատեսված միջոցառումները։ «Մուտք դեպի շուկա» բաղադրիչի շրջանակում վճարվել է շուրջ 160 մլն դրամ։
2024թ․ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 6.5 մլրդ դրամ՝ 100% կատարողականով։ Աջակցություն ստացած շահառուների թիվը կազմել է 39՝ նախատեսված 37-ի և նախորդ տարվա 376-ի դիմաց։
Նախարարը նշել է, որ 2025թ․ հունվարի 1-ից միջոցառումն իրականացվում է արդեն նոր տրամաբանությամբ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության նոր ընդունված յոթնամյա ծրագրի շրջանակում։
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առևտրի և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի շրջանակում երեք միջոցառմամբ հատկացվել է 2.8 մլրդ դրամ, ճշտված բյուջեն կազմել է 1.8 մլրդ դրամ, իսկ կատարողականը՝ շուրջ 1.3 մլրդ դրամ կամ 68.4 տոկոս։ Սա հիմնականում վերաբերում է «Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման շարունակականության ապահովում» կապիտալ միջոցառմանը, ինչպես նաև մեկ այլ՝ ինժեներական բիզնես աքսելերատորի շենքին վերաբերող փոքր նախագծի։ Հատկացված 67.9 մլն դրամն ամբողջությամբ ծախսվել է և ուղղվել է Ինժեներական քաղաքում տեղակայված «Ազնավուր» գերհամակարգչի կենտրոնի էլեկտրաէներգիայի ծախսերին։
Հեռահաղորդակցության ապահովում ծրագրի գծով 2024 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 2.3 մլրդ դրամ, ճշտված բյուջեն կազմել է 2.9 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 2.8 մլրդ դրամ կամ 95.8 տոկոս։ Այս տարբեռությունը հիմնականում պայմանավորված է տարադրամի փոխարժեքի տատանումներով և առաջացած տնտեսումներով։ Ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է, թերակատարումներ չկան։
Ծրագրի շրջանակներում իրականացվել է 4 միջոցառում։
1. Հեռահաղորդակցության և կապի կանոնակարգում
«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»-ի պահպանման համար հատկացվել է 313.9 մլն դրամ, ճշտված բյուջեն կազմել է 364.5 մլն դրամ, իսկ փաստացի կատարողականը՝ 345.1 մլն դրամ կամ 94.6 տոկոս։
2. Թվային հեռուստահեռարձակման ապահովման ծառայություններ
Միջոցառման համար բյուջեից հատկացվել է 83.6 մլն դրամ։ Ճշտված բյուջեն նույնպես կազմել է 83.6 մլն դրամ, իսկ փաստացի կատարողականը՝ 80.2 մլն դրամ կամ 95.9 տոկոս, ինչը պայմանավորված է փոխարժեքի տատանումներով։ Միջոցներն ուղղվել են Հայաստանի Հանրապետությունում արբանյակային ունակության վարձակալությանը, որի միջոցով ապահովվում է ՀՀ-ին պատկանող թվային հեռարձակման ցանցի կենսունակությունը։
Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցը բաղկացած է 213 հեռուստակայանից, որոնցից 66-ում հանրապետական սփռման մուլտիպլեքսի հաղորդումը իրականացվում է օպտիկամանրաթելային համակարգով, իսկ 147-ում՝ արբանյակային հեռարձակման ցանցով։ ՀՀ ողջ տարածքում հեռուստահեռարձակման ծածկույթը կազմում է 100%։
3. Տվյալների փոխանակման միջգերատեսչական կապի ապահովում
Միջոցառման գծով 2024թ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 132.0 մլն դրամ, իսկ փաստացի ծախսերը կազմել են 120.5 մլն դրամ կամ 91.3%։
4. Ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրում
ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման համար 2024 թ. բյուջեից հատկացվել է 1.8 մլրդ դրամ, ճշտված բյուջեն կազմել է 2.3 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսերը՝ 2.2 մլրդ դրամ կամ 96.2%։
Նշված գումարով ՀՀ 10 մարզկենտրոններում՝ ռադիոհսկման կայանների կառուցման և համակարգի ներդրման շրջանակում, ամբողջությամբ իրականացվել են 2024թ․ համար նախատեսված մոնիթորինգի և տեղորոշման թվով 19 չսպասարկվող ստացիոնար կայանների տեղակայման, գործարկման, տվյալների փոխանակման միասնական ցանցին ինտեգրման և շահագործման աշխատանքները։
2024թ․ ընթացքում ավարտին են հասցվել նաև 5 շարժական կայանների ավտոմեքենաների վրա հավաքման, մոնտաժման, փորձարկման և շահագործման հանձնման աշխատանքները։
Ռադիոմոնիթորինգի համակարգի ամբողջական գործարկման արդյունքում ՀՀ տարածքում իրականացվում է ռադիոեթերի մշտադիտարկում՝ 24/7 ռեժիմով, որը ապահովում է եթերի մինչև 100% մաքրություն։
2024թ. թիրախային ցուցանիշները եղել են․
- Եթերի մաքրության ապահովում մինչև 100% — ապահովվել է 94.9%, քանի որ համակարգը ներդրվել է տարեվերջին։
- Հեռուստահեռարձակման ապահովում՝ 100%։
Ծրագրի ընդհանուր բյուջեն 2022–2024թթ․ համար կազմել է 4.5 մլրդ դրամ։
Միասնական թվային միջավայրի ձևավորում ծրագրի գծով, որպես բյուջետային գլխավոր կարգադրիչ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024թ․ հատկացվել է 10.0 մլրդ դրամ։ Ճշտված բյուջեն կազմել է 2.6 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 430.7 մլն դրամ կամ 16.3%։
Մնացած 7.3 մլրդ դրամը վերաբաշխվել է մի շարք գերատեսչություններին՝ տարբեր միջոցառումների համար։
Ճշտված 2.6 մլրդ դրամից 1.4 մլրդ դրամը չի ծանրաբեռնվել պայմանագրերով՝ հայտերի բացակայության պատճառով, իսկ մնացած 1.2 մլրդ դրամի փոխարեն փաստացի կատարողականը կազմել է ընդամենը 430.7 մլն դրամ։
Բազմաթիվ գերատեսչությունների հատկացվել է թվայնացման բովանդակությամբ համապատասխան բյուջե՝
- ՀՀ ՊԵԿ-ին՝ 1,005,570.0 հազար դրամ, կատարողականը՝ 292,321.0 հազար դրամ,
- Քաղաքաշինության կոմիտեին՝ 47,500.0 հազար դրամ (հատկացում), կատարողականը՝ 34,000.0 հազար դրամ,
- ՀՀ արդարադատության նախարարությանը՝ 34,000.0 հազար դրամ «Հարմոնիա» ընկերության 3-րդ փուլի վճարման նպատակով։
Գումարներ են հատկացվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կնքված պայմանագրով նոր էլեկտրոնային հարթակ մշակելու նպատակով՝ 162,892.8 հազար դրամ, որից կատարողականը կազմել է 90,892.8 հազար դրամ։
Նախարար Մխիթար Հայրապետյանին մի շարք հարցեր են ուղղվել, որոնց տրվել են պարզաբանումներ։