ԲՏԱ նախարարության և «Ապագա» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
- Հրապարակվել է՝ 02/10/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

Հոկտեմբերի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ապագա» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղել կողմերի ջանքերը և միավորել հնարավորությունները «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագրի շրջանակներում նախատեսված գործողություններն իրականացնելու ուղղությամբ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ համագործակցության շնորհիվ համապատասխան գիտելիքներ ու պատրաստվածություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան՝ պետական ապարատի, մասնավորապես, նախարարության թիմի լիարժեք անդամը դառնալու։
«Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանն էլ, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախարարությանը՝ կարևորելով պետական և մասնավոր հատվածի ջանքերի մեկտեղումը։ Նրա խոսքով՝ այս ծրագիրը միտված է կայուն զարգացում ապահովել ոչ միայն երիտասարդների, այլև պետության համար։
Ծրագրի շրջանակում հիմնադրամի կողմից ընտրված և վերապատրաստված 9 ուսանող արդեն մասնագիտական փորձառություն է անցնում նախարարության տարբեր ստորաբաժանումներում։
Հիշեցնենք, որ «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագրի նպատակն է միավորել պետական, մասնավոր և քաղաքացիական հատվածների ջանքերը՝ նպաստելով երիտասարդների մասնագիտական զարգացմանն ու զբաղվածության ապահովմանը: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ վարձավճարի 80% փոխհատուցում հիմնադրամի կողմից, մասնակցել տարբեր ընկերությունների թոփ մենեջերների կողմից իրականացվող կրթական կուրսերին, ունենալ որակյալ մասնագիտական պրակտիկա, իսկ ծրագրի ավարտին լավագույն ուսանողները հնարավորություն են ստանում ունենալ հիմնական աշխատանք: Ծրագիրն աջակցություն է ստանում մի շարք ընկերությունների, այդ թվում` PMI Science գիտահետազոտական կենտրոնի կողմից: