Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Գաղափարի փուլ» բաղադրիչով մրցույթ

«Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024 թվականին «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ:

«Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերությունների, որոնց պրոդուկտը գտնվում է գաղափարի փուլում և ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: Դրամաշնորհի բյուջեն նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ):

Սույն մրցույթին կարող են մասնակցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք բավարարում են հետևյալ նվազագույն որակավորման տվյալներին.

 

  • Իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող գործունեություն՝ առաջարկելով արտադրանքի և (կամ) ծառայության նախատիպ, որը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառությամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը,
  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից չեն ստացել դրամաշնորհ (ստորագրել դրամաշնորհային պայմանագիր), բացառությամբ 2022 թվականին շահառու հանդիսացած այն ընկերություների, ովքեր դեռևս ունեն պայմանագրային պարտավորություններ,
  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն ժամկետանց պարտավորություններ, որոնք գերազանցում է 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամը,
  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով չեն ճանաչվել սնանկ,
  • հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները) կամ կառավարման մարմիններում ներգրավված անձինք մասնակցություն չեն ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրերի պլանավորման և իրականացման աշխատանքներում,
  • հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում կազմակերպության կառավարման մարմիններում ներգրավված անձինք չեն ներգրավվել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման կամ օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված կարգով դատվածությունը հանված կամ մարված է:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (համակարգից օգտվելու ուղեցույց) մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 33-րդ օրվա ժամը 16:00 (13.05.2024), հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=10349461:

Կազմակերպությունը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում հայտարարություն (Հավելված 1) (պարտադիր)
  • Ֆինանսական նախահաշիվ (Հավելված 2) (պարտադիր)
  • Առաջարկ (Հավելված 3) (պարտադիր)
  • Ընկերության պետական գրանցման վկայականի պատճեն (պարտադիր)
  • Հարկային մարմիններից տեղեկանք կամ քաղցվածք ընկերության հարկային պարտավորությունների մասին (պարտադիր)
  • Պատկերավոր ներկայացում (pitch) (պարտադիր)
  • Այլ փաստաթղթեր, ըստ անհրաժեշտության

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու մանրամասները սահմանված են հրավերով:

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնա­կիցները հայտում ներառվող` իրենց կողմից հաստատվող  փաստա­թղթերը հաստատում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Էլեկտրոնային թվային ստորագրությունը պարտադիր է: Հայտում ներառվող՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվող փաստաթղթերը չեն կնքվում:

Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2024/01:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Գոռ Եսայանին:

                                     
Հեռախոս` 010 590 075

Էլ. փոստ` grants2023@hti.am