«Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2017թ. նոյեմբերի 16-ին՝ ՀՀ կառավարության N 1478-Ա որոշմամբ։
Ընկերությունը առանցքային դեր ունի Հայաստանի տիեզերական ենթակառուցվածքների զարգացման գործում և երկրի առաջին լիցենզավորված տիեզերական գործունեության օպերատորն է՝ սկսած 2021 թվականի հոկտեմբերի 21-ից։
«Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է նոր և արխիվային արբանյակային պատկերների ստացում ինչպես իր սեփական արբանյակից, այնպես էլ միջազգային գործընկերներից։ Ընկերությունը մասնագիտացած է թվային քարտեզների ստեղծման և մշտադիտարկման գործում՝ հիմնվելով արբանյակային տվյալների վրա։
«Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերության գործունեության հիմնական ուղղություներն են.
- Երկրի հեռահար զոնդավորման միջոցով ուղիղ հեռարձակմամբ տիեզերանկարների ստացում ինչպես սեփական ընդունիչ կայանների միջոցով, այնպես էլ այլ պետությունների ընդունիչ կայանների միջոցով,
- նոր և արխիվային տիեզերանկարների ստացում և տրամադրում,
- գյուղատնտեսության, էկոլոգիայի և բնապահպանության, քաղաքաշինության, հողօգտագործման և տարածքների կառավարման, կադաստրի, ջրային տնտեսության, արտակարգ իրավիճակների մշտադիտարկման, էներգետիկայի, երկրաբանության և գեոդեզիայի, անտառային տնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային քարտեզագրության և այլ բնագավառների պահանջարկի ապահովում՝ Երկրի հեռահար զոնդավորման միջոցով ստացված տիեզերանկարներով,
- ֆոտոգրամետրիկական աշխատանքներ և պատկերների մշակում,
- վերգետնյա կայանների սպասարկում, շահագործում և վարձակալությամբ տրամադրում,
- արբանյակային կառավարման կենտրոնի շահագործում,
- մեծ տարածքների պատկերների խճանկարների, ֆոտոպլանների և օրտոֆոտոպլանների պատրաստում,
- ռելիեֆի և տեղանքի թվային մոդելի ստեղծում,
- տիեզերանկարների հիման վրա մասշտաբային բոլոր տեսակի թվային քարտեզների և պլանների ստեղծում և թարմացում, ներառյալ քարտեզագրական աշխատանքներ,
- գիտահետազոտական աշխատանքների կատարում,
- բարձրակարգ գեոդեզիական և չափագրական ծառայությունների տրամադրում:
«Գեոկոսմոս» ՓԲԸ-ն գործընկերային հարաբերություններ ունի երկրատիեզերական բնագավառի առաջատար կազմակերպությունների հետ, ներառյալ պետական մարմիններ, մասնավոր ընկերություններ և ճանաչված միջազգային կազմակերպություններ տարբեր երկրներից, ինչը նպաստում է մասնավոր հատվածի և ներդրողների միջև համագործակցությանը, փորձի փոխանակմանը և ոլորտի կայուն զարգացմանը։