ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը
- Հրապարակվել է՝ 13/02/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Պաշտոնական
ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրինագծին կողմ է քվեարկել 58 պատգամավոր, դեմ՝ 26, ձեռնպահ՝ 1:
Օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը ՀՀ-ում տեղեկատվական անվտանգության պատշաճ ապահովումն է, բացասական բովանդակության ազդեցության սահմանափակումը, ինչպես նաև ոլորտում առկա իրավական բացերի վերացումը և հավասար մրցակացային պայմանների ձևավորումը։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ցանցային օպերատորների նկատմամբ ևս սահմանել լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքեր, ինչը գործող օրենքում արդեն իսկ սահմանված է հանրային մուլտիպլեքսի հեռարձակողների համար:
Նախագծով հստակեցվում են տեսալսողական հաղորդումների արգելքների հիմքերը, արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։ Բացի այդ, սահմանվում են ցանցային օպերատորների լիցենզիայի կասեցման և դադարեցման հստակ հիմքերն ու կիրառման մեխանիզմները, ինչպես նաև նախատեսվում է տուգանք՝ օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքում։
Առաջարկվող փոփոխությունների շուրջ նախարար Հայրապետյանին հարցեր են ուղղել պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արծվիկ Մինասյանը, Արմենուհի Կյուրեղյանը։ Հարցերը հիմնականում վերաբերել են նախագծի առանձին դրույթների հստակեցմանը, որոնց նախարարն անդրադարձել է մանրամասն պարզաբանումներով։
Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը՝ նշելով, որ նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն։