Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանում Կատարի նորանշանակ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի առաքելությունը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման համար։ 

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման դինամիկան՝ ընդգծելով վերջին տարիներին արձանագրված շարունակական աճը։ Մխիթար Հայրապետյանը կարևորել է պետական աջակցության ծրագրերը՝ անդրադառնալով տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու օրենսդրական բարեփոխումներին, որոնք նպաստում են նորարարության խթանմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա» նախաձեռնությանը՝ որպես տարածաշրջանում նորարարության և ձեռնարկատիրության խթանման կարևոր հարթակ։ Քննարկվել են նաև միջոցառման  շրջանակում հնարավոր համագործակցության հեռանկարները՝ ընդգծելով դրա  կարևորությունը միջազգային կապերի ընդլայնման տեսանկյունից։

Նախարարը խոսել է նաև Հայաստանն «ԱԲ տվյալային կենտրոնների պարտեզ» դարձնելու հայեցակարգից՝ ներկայացնելով Հրազդանում և Գագարինում FirebirdAI և EleveightAI  ընկերությունների՝ արհեստական բանականության տվյալային կենտրոնների կառուցման ընթացքը։ Անդրադարձ է եղել նաև ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների արտահանման հնարավորություններին։ 

Դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և հայտնել Կատարի հետաքրքրվածությունը համագործակցության խորացման հարցում՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, ԱԲ-ի և ներդրումների ուղղություններով։ Նա վերահաստատել է պատրաստակամությունը՝ աջակցելու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ երկուստեք կարևորելով առկա ներուժի իրացումն ու համատեղ ծրագրերի առաջխաղացումը։ Առանձնակի անդրադարձ է կատարվել արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների բնագավառներում կապերի սերտացմանը, ինչպես նաև գիտակրթական հաստատությունների դերակատարմանը՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման և համատեղ հետազոտական ու ինժեներական նախագծերի իրականացման գործում։

Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել վերջին տարիների բարձրաստիճան փոխայցելությունները՝ պայմանավորվելով շարունակել ակտիվ երկխոսությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և գործնական արդյունքների ապահովման նպատակով։

Նմանատիպ գրառումներ