Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
- Հրապարակվել է՝ 29/03/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթի (SSS-2026) շրջանակում կազմակերպված գործընկերների ընթրիքին։
Ոչ ֆորմալ ձևաչափով անցկացված միջոցառումը համախմբել էր նախագծի գործընկերներին և աջակցող կազմակերպություններին՝ նպատակ ունենալով քննարկել համագործակցության հեռանկարները։
Իր ելույթում նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել Սևան Ստարտափ Սամմիթի դերը Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացման գործում՝ ընդգծելով, որ նախագիծն արդեն ձեռք է բերել միջազգային ճանաչում։ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ SSS-ն արդյունավետ հարթակ է գործընկերային հարաբերությունների ամրապնդման և Հայաստանի տեխնոլոգիական ներուժի միջազգային ներգրավվածության ընդլայնման համար։ Նախարարը նաև հավելել է, որ Սամմիթի միջազգայնացման և «արտահանման» գործում ցուցաբերվող աջակցությանը զուգընթաց` ՀՀ կառավարությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս ներդրումային մասնակցությամբ. Կառավարությունը Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի համակազմակերպիչն է, միջոցառման իրականացման նպատակով հատկացրել է 200 մլն դրամ։
SSS-2026-ը կմեկնարկի հուլիսի 26-ին Սևանի ափին՝ մեկ հարթակում համախմբելով աշխարհի տարբեր երկրների ստարտափների, առաջատար մասնագետների և ներդրողների՝ նորարարության ու փորձի փոխանակման յուրօրինակ միջավայրում։





