Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա։ Կենտրոնը մասնագիտացած է կրտսեր ինժեներների պատրաստման, ինչպես նաև երիտասարդների շրջանում ինժեներական ոլորտի նկատմամբ հետաքրքրության խթանման գործում։

Լաբորատորիայի հիմնադիր Արմեն Դարբինյանի ուղեկցությամբ նախարար Հայրապետյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ընթացիկ գործունեությանը, կրթական ծրագրերին և զարգացման հեռանկարներին։

Նշվել է, որ լաբորատորիայի կրթական ծրագրերը ներառում են էլեկտրոնիկայի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նախագծման և կառավարման, միկրոկոնտրոլերների ծրագրավորման, ինչպես նաև հարակից այլ ուղղություններ։ Արմեն Դարբինյանն ընդգծել է, որ կենտրոնի շրջանավարտները հաջողությամբ մուտք են գործում աշխատաշուկա՝ մասնագիտական գործունեություն ծավալելով էլեկտրոնիկայի նախագծման, արտադրության և վերանորոգման ոլորտներում։

Արմեն Դարբինյանը հայտնել է, որ կենտրոնը համագործակցում է ինժեներական ոլորտի տարբեր ընկերությունների հետ՝ նպաստելով ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը։ Նրա խոսքով՝ ծրագրերի բազմաթիվ շրջանավարտներ հետագայում շարունակում են իրենց կրթությունն ու մասնագիտական գործունեությունը տեխնոլոգիական ոլորտի առաջատար կազմակերպություններում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնիկայի ոլորտում աղջիկների ներգրավվածության խթանման թեմային։ Նախարարը կարևորել է այս ուղղությամբ իրազեկվածության բարձրացմանն ուղղված հետևողական աշխատանքների իրականացումը։

Հատկանշական է նաև, որ 2022 թվականին Astronaut լաբորատորիան արժանացել է «Մեր ժամանակների հերոսը» գլխավոր մրցանակին։

Նմանատիպ գրառումներ