Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալն ընդունել է Ղազախստանի դեսպանին

  • Հրապարակվել է՝ 12/02/2026

Փետրվարի 11-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Բարեկամության շքանշանակիր Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Քննարկվել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՕ) շրջանակում Ղազախստանի Հանրապետության նախաձեռնած «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծը։ Նախատեսվում է կենտրոնը տեղակայել Ղազախստանում՝ այն ուղղելով ծովային ելք չունեցող երկրների աջակցությանը՝ կայուն զարգացման ապահովման համար անհրաժեշտ թվային լուծումների տրամադրման միջոցով։ Նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդելու Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանի նորարարական ներուժի մրցակցային առավելությունները՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործման աջակցությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում զարգացող վերջին տեխնոլոգիական գործընթացներին և միջազգային գործընկերների հետ իրականացվող համագործակցությանը՝ ներառյալ թվային փոխակերպման, նորարարական էկոհամակարգի զարգացման և բարձր տեխնոլոգիական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։

Կողմերը կարևորել են թվային լուծումների առանցքային դերը ԿԶՆ իրականացման գործընթացում՝ ընդգծելով, որ թվայնացումը կարող է խթանել տնտեսական աճը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և նպաստել սոցիալական զարգացմանը։ Նշվել է տարածաշրջանային համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման միջոցով։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ղազախստան երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին բարձր տեխնոլոգիաների, նորարարության և թվայնացման ոլորտներում։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Նմանատիպ գրառումներ