«Ուսանողական հաքաթոն» ծրագիր

Նկարագիր 

Ուսանողական երրորդ հաքաթոնն իրականացվեց 2026 թ․ մայիսի 12-15-ին Ծաղկաձորում:

Որպես կրթական և մրցութային ծրագիր՝ նորարարական գաղափարների մշակման և տեխնոլոգիական լուծումների դուրսբերման նպատակով՝ այն միավորեց հայաստանյան բուհերի և կրթական կենտրոնների ուսանողներին։

Ծրագիրը հիմնված էր փորձառնական ուսուցման մոտեցման վրա և համատեղեց կրթական ու գործնական բաղադրիչներ։ Մասնակիցները թիմային ձևաչափով աշխատեցին իրական կամ պայմանական խնդիրների շուրջ՝ մշակելով ստեղծարար և կիրառելի լուծումներ։

Հաքաթոնի ընթացքում մասնակիցներին աջակցեցին փորձառու մենթորներ, ոլորտի մասնագետներ և փորձագետներ, որոնք ուղղորդեցին թիմերին գաղափարի ձևավորման, նախագծի մշակման, ներկայացման և կատարելագործման փուլերում։

Հաքաթոնը նաև ներառեց դասախոսություններ, աշխատարաններ, մենթորական հանդիպումներ, թիմային աշխատանք և եզրափակիչ ներկայացումներ։

Հաղթող թիմերը որոշվեցին գնահատող հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով առաջարկվող լուծումների նորարարությունը, կիրառելիությունը, ազդեցությունը և ներկայացման որակը։

Ծրագիրը նպաստեց ուսանողների միջև համագործակցության, մասնագիտական կապերի ձևավորման, փորձի փոխանակման և ձեռնարկատիրական մտածողության զարգացմանը։

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է խթանել ուսանողների ստեղծարար մտածողությունը, նորարարական կարողություններն ու գործնական հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով նրանց մշակել և ներկայացնել արդիական խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։

Թիրախային խումբը

«Ուսանողական հաքաթոն»-ին մասնակցեցին ԲՏՃՄ ուղղվածությամբ մասնագիտացում ապահովող ՀՀ պետական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթություն ապահովող կառույցների ուսանողները:

Մասնակցության չափորոշիչները

Մասնակիցների ընտրությունը կատարվեց՝ հաշվի առնելով՝

  • նրանց մոտիվացիան և հետաքրքրվածությունը ծրագրի նկատմամբ,
  • ստեղծարար և նախաձեռնողական մոտեցումը,
  • թիմային աշխատանքի հմտությունները,
  • ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք գիտելիքներն ու հմտությունները հետագայում կիրառելու ներուժն ու ակնկալիքը։

Մասնակցության պայմանները

Հաքաթոնն իրականացվեց ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:

Ապահովվեց մասնակիցների կեցությունը, սնունդը, միջոցառման շրջանակներում տեղափոխումը:

Դիմելու կարգը

Ծրագրին դիմելու համար ուսանողների կողմից լրացվեց համապատասխան հայտադիմումը և ներկայացվեց անհրաժեշտ տեղեկատվությունը:

Իրականացվեց հայտերի գնահատում և մասնակից թիմերի ընտրություն:

Ընտրված թիմերը հրավիրվեցին մասնակցելու հաքաթոնին:

Լրացուցիչ տեղեկատվություն

«Ուսանողական հաքաթոնն» իրականացվում է ՀՀ ԲՏԱԱԲ նախարարության «Տեխնոլոգիական կարողությունների և հմտությունների զարգացում» միջոցառման «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում:

Այն ամենամյա միջոցառում է, և 2026 թ․ կազմակերպվեց երրորդ անգամ:

Հաքաթոնի եռօրյա աշխատանքներին մասնակցեց 100 ուսանող՝ 26 թիմ՝ Երևանի և ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններից:

Առաջադրանքները հետևյալ թեմաների շրջանակներում էին՝ «Հոգեկան առողջության տեխնոլոգիաներ», «Էներգիայի պահուստավորում», «Մարդ-մեքենայական ուսուցում», «Կայուն էներգակիր/էլեկտրոնային էներգակիր», «Նոր տեխնոլոգիաներ բնական աղետների, կլիմայական և եղանակային միջադեպերի կանխատեսման համար», «LCNC հարթակներ»:

Առաջին մրցանակին արժանացավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի «ArmaGatsotn» թիմը՝ ստանալով 1.5 մլն ՀՀ դրամ, երկրորդ մրցանակին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից «Հայ-Հիմք» թիմը՝ ստանալով 1 մլն ՀՀ դրամ, երրորդ մրցանակին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից «Sparta»» թիմը՝ ստանալով՝ կես մլն ՀՀ դրամ:

Հաքաթոնի բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր։

Հաջորդ «Ուսանողական հաքաթոն»-ի իրականացման ժամկետները կհրապարակվեն 2027 թ․ սկզբին:

Կոնտակտային տվյալներ

Հեռ։  (010) 590175
Հասցե։ Վազգեն Սարգսյան 3/3, Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն
Էլ․ հասցե։ 
info@hti.am

Ո՞վ կարող է դիմել

ԲՏՃՄ ուղղվածությամբ մասնագիտացում ապահովող ՀՀ պետական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթություն ապահովող կառույցների ուսանողները

Ինչպե՞ս մասնակցել

Ծրագրին դիմելու համար լրացվում է հրապարակված հայտադիմումը և ներկայացվում է անհրաժեշտ տեղեկատվությունը: